10:44 | 27.03.13 | Հարցազրույցներ | exclusive 154247

Ֆրանսիս Ժելիբտեր. «Մեր բաժանորդային բազայի աճը նկատելի է անզեն աչքով»

Ավելի քան երեք տարի Orange-ն աշխատում է Հայաստանի հեռահաղորդակցային շուկայում, եւ արդեն կես տարի է, ինչ այդ ընկերությունը ղեկավարում է նոր գլխավոր տնօրենը, որը նպատակ ունի ավելացնելու ընկերության շուկայի մասնաբաժինը խիստ մրցակցային պայքարի պայմաններում: Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը Itel.am-ի հետ հարցազրույցում պատմել է շուկայում աճի մեթոդների մասին: 

- Պարոն Ժելիբտեր, կես տարի է, ինչ Դուք Orange Armenia-ի «ղեկին եք»: Ձեզ դո՞ւր է գալիս աշխատել Հայաստանում: Ինչպիսի՞ սպասումներ ունեիք աշխատանքի սկզբում եւ արդյո՞ք այդ սպասումները արդարացան: 

- Կառանձնացնեմ անձնական մասը մասնագիտականից: Դեռեւս մինչեւ Հայաստան ժամանելը ես գիտեի, որ ընկերությունն ունի երիտասարդ աշխատակազմ եւ որ այն դինամիկ է ու նորարար: Այստեղ աշխատելով՝ համոզվեցի դրանում: Վերջերս մի շարք նորարական ծառայություններ ենք ներկայացրել, օրինակ՝ «Orange 1»-ը եւ «Orange Merci»-ն, մենք նաեւ անընդհատ բարելավում ենք տեխնիկական եւ IT դեպարտամենտների աշխատանքը: «P3 Communications» գերմանական անկախ միջազգային կազմակերպության հետազոտության արդյունքներով, որն անց էր կացվել ողջ Եվրոպայով Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի պատվերով, Օրանժ Արմենիա-ի 3G+ ցանցը ճանաչվել է Հայաստանում բջջային ինտերնետի որակի առաջատարը: 

Անձնականի մասին. ես հասցրել եմ ծանոթանալ Երեւանի հետ եւ ճանապարհորդել երկրով, եղել եմ եւ հյուսիսում, եւ հարավում, եղել եմ քաղաքներում՝ Կապանում, Գորիսում, Սեւանում, փոքր գյուղերում, սակայն շատ բան դեռ առջեւում է: Ինձ շատ է դուր գալիս ապրել եւ աշխատել այստեղ: Օգոստոսին արդեն ասել էի, որ սա իմ առաջին այցը չէ Հայաստան, սակայն այս անգամ ես կարողացա ավելի մանրամասն ծանոթանալ երկրի եւ մարդկանց հետ, եւ դա Հայաստանում իմ աշխատանքի հանդեպ հետաքրքրվածության ոչ պակաս մասն է կազմում:

- Արդյո՞ք որեւէ փոփոխություններ մտցրել եք Orange Armenia-ի մենեջմենթում, թե՞ հիմնականում շարունակում եք նախորդ գլխավոր տնօրենի սկսած գործը:

- Ես ստեղծել եմ ընկերության կառավարման նոր մարմին՝ գործադիր կոմիտե (Executive committee), որում կան 7 տնօրեններ, որոնք որոշումներ են կայացնում ընկերության զարգացման հիմնական ուղղություններով: Խորհրդի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ, դրանց ընթացքում կայացվում են ընկերության ընթացիկ զարգացմանը վերաբերող որոշումներ: Փոփոխության նպատակը ընկերությունում որոշումների ընդունման եւ պարբերականության դինամիկայի բարձրացումն է:
  
Մենք նաեւ համակարգող կոմիտե ունենք, որի հանդիպումներն ավելի հազվադեպ են տեղի ունենում՝ ամիսը մեկ անգամ, դրանք ընթանում են ավելի մեծ կազմով եւ դրանց շրջանակներում մենեջերներն ավելի մանրամասն են քննարկում բիզնեսի զարգացման հարցերը:

Ես չեմ փոխել ընկերության մենեջերներին, նրանք մնացել են նախկին պաշտոններում: Կադրային փոփոխությունները տարօրինակ կլինեին, քանի որ ընկերությունը բավականին արագ եւ հաջողությամբ զարգանում է: 

- Որո՞նք են Ձեր ռազմավարական առաջնահերթությունները՝ որպես Orange Armenia-ի ղեկավար:

- Առաջինը, բնականաբար, մեր հաճախորդների թվի աճն է՝ ինչպես ձայնային ծառայությունների, այնպես էլ ինտերնետի ոլորտում, դա այն է, ինչ ես կոչում եմ ընկերության քանակական աճ:

Երկրորդը՝ սպասարկման որակի անդադար կատարելագործումն է: Տեխնիկական առումով դա վերաբերում է ծածկույթի ընդլայնմանը եւ դրա որակի բարելավմանը, իսկ ոչ տեխնիկական առումով՝ խանութներում սպասարկմանը, քոլ-կենտրոնի ծառայությունների կատարելագործմանը եւ այլն: Ներկայումս մենք աշխատում ենք մեր մասնագիտական լեզվով ասած customer experience-ի, այսինքն՝ սպառողական փորձի վրա, եւ վերլուծում ենք բոլոր մեր գործընթացները, որպեսզի բարելավենք եւ դյուրացնենք դրանք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է:

Կարգավորող մարմինը որոշում է ընդունել է 2014 թ. հունվարի 1-ից ներդնել հեռախոսահամարների փոխանցման ծառայությունը (Mobile Number Portability): Դա շատ կարեւոր է, քանի որ այդ ծառայությունը բարձրացնում է հաճախորդների ազատ ընտրության իրավունքը: Մենք այժմ աշխատում ենք մեր գործընկեր-օպերատորների հետ  MNP-ի ներդրման մանրակրկիտ ծրագրի մշակման վրա, որից հետո կսկսենք աշխատել տեխնիկական ներդրման ուղղությամբ:

- Orange-ի մրցակից հեռահաղորդակցային ընկերություններից մեկի ղեկավարը վերջերս մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ MNP-ն չի ներդրվի Հայաստանի ողջ տարածքում, այլ մասնակիորեն՝ միայն այնտեղ, որտեղ գործում են բոլոր երեք օպերատորների ծածկույթները: 

- Այսօր օպերատորները ծածկում են Հայաստանի բնակչության մոտ 95-96%-ը, եւ ցանցերի զարգացման հետ մեկտեղ ծածկույթը կկազմի ավելի քան 98%: Ծածկույթի վերջին տոկոսը ամենադժվարն է, ոչ մի երկրում չկա 100%-անոց ծածկույթ: Ֆրանսիան հպարտանում է, որ 1990 թվականին ստեղծել է GSM համակարգ, եւ այսօր այնտեղ ծածկույթը մոտ 99% է կազմում:

Այնպես որ, 2014թ. հունվարի 1-ից Հայաստանի բնակչության 96%-ը կկարողանա օգտվել MNP ծառայությունից: Սա լավ հնարավորություն է հաճախորդի համար համարը չփոխելով՝ ընտրել այն օպերատորին, որի ծառայություններն իրեն դուր են գալիս:

- Orange Armenia-ն մոտենում է Հայաստանի բջջային շուկայի երկրորդ տեղին, ընդ որում՝ ձայնային ծառայությունների աճը, կարծես թե, արդեն անցել է ակտիվ աճի փուլը:

- Այսօր մենք Հայաստանի շարժական ինտերնետի հատվածում առաջին տեղն ենք զբաղեցնում, ինչպես նաեւ ձայնային ծառայությունների շուկայի 17-18%-ը: Դա շատ լավ արդյունք է շուկայում ընկերության 3,5 տարվա կյանքի համար: Երբ համեմատում եմ մեր արդյունքներն աշխարհում այլ օպերատորների հետ, որոնք երրորդն են շուկա մուտք գործել, ապա տեսնում եմ, որ մերը լավագույններից մեկն է:

2012թ. երեք եռամսյակների արդյունքով Orange-ի եկամուտներն աճել են 46%-ով, ընդ որում, շուկան աճել է միջինը 3-4%-ով: Մեր բաժանորդային բազայի աճը տեսանելի է անգամ անզեն աչքով՝ բազմաթիվ մարդկանց հեռախոսահամարներ սկսվում են 055 եւ 095 թվերով:

- Կարծիք կաէ, որ մրցակիցների միջեւ հիմնական պայքարը կլինի տվյալների փոխանցման շուկայում: Ի՞նչ կարծիքի եք:

- Վերջին 3,5 տարիների ընթացքում մենք ավելացրել ենք մեր ձայնային ծառայությունների բաժանորդների թիվը 0-ից մինչեւ 520 հազար, ինչը ցույց է տալիս մեր արագ աճը ձայնային ծառայությունների ոլորտում: Ձայնային ծառայությունների աճի տեմպի ցուցանիշը վերջին մեկ տարվա ընթացքում կազմել է ավելի քան 60%: Այնպես որ, չի կարելի ասել, որ ձայնային ծառայությունների բոլոր ռեսուրսները սպառվել են:

MNP-ի ներդրումը նոր թափ կհաղորդի ձայնային ծառայությունների աճին: Ամեն ինչ կախված կլինի օպերատորների ջանքերից, սպասարկման որակից, նրանց նորարար եւ մրցունակ առաջարկներից:

Ինչ վերաբերում է տվյալների փոխանցմանը, ապա այստեղ իսկապես աճի մեծ հեռանկարներ կան: Մենք ներկա պահին ամենասկզբում ենք, երբ զարգանում է, այսպես կոչված, «բազիսային ինտերնետը», իսկ ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա ամեն ինչ դեռ առջեւում է:

- 2009-ին Փարիզում այցելեցի Orange-ի R&D բաժանմունքը, որտեղ ծանոթացա այն տեխնոլոգիաներին, որոնք Խումբը ներդնում է տարբեր երկրներում: Առավել հիշարժան էին բարձր հստակությամբ հեռուստատեսային ծառայությունները: Ե՞րբ կարելի է ակնկալել նման լուծումներ մեր շուկայում:

- Այսօր մեր առջեւ կանգնած են տեխնոլոգիական զարգացման բազմաթիվ հարցեր մեր կողմից արդեն տրամադրվող ծառայությունների ոլորտում: Լինելով Ֆրանս Տելեկոմ-ի դուստր՝ Orange Armenia-ն մուտք ունի դեպի մեր մայր ընկերության կողմից մշակած նորարարական տեխնոլոգիաներ. My-Fi, Flybox լուծումները, բարձր հստակությամբ ձայնային ծառայություններ (HD voice)՝ սրանք բոլորը France Telecom-ի տեխնիկական կենտրոնի մշակումներն են:

Ինչ վերաբերում է թվային հեռուստատեսության ծառայություններին, ապա մենք չենք կարողանա այն տրամադրել, քանի դեռ չունենք ֆիքսված լայնաշերտ կապուղիներ: Մենք կվերադառնանք այս հարցին, երբ կզգանք, որ բջջային ցանցերում աճի հնարավորությունները սկսում են սպառվել:

- Ինչպիսի՞ն է ընկերության ֆինանսական վիճակը:

- 2012-ին մեր եկամուտները կազմել են ավելի քան 20 մլրդ դրամ` աճելով 48%-ով:
Մենք ընթացիկ գործառնություններով արդեն դրական բալանսի մակարդակում ենք, ֆինանսիստների լեզվով ասած՝ EBITDA-ն դրական է: Աճում են եկամուտները, ինչը մեզ թույլ է տալիս անցյալ տարվա վերջից ինքնուրույն հոգալ մեր գործառնական ծախսերը:

2013-ի վերջից մեր եկամուտները թույլ են տալու ոչ միայն հոգալ ընթացիկ ծախսերը, այլեւ ներդրումներ կատարել նորարարությունների եւ ցանցի զարգացման մեջ:

- Orange-ը Հայաստանում  iPhone-ի պաշտոնական դիստրիբյուտորն է: Ինչո՞ւ է հայկական շուկայում այդ սմարթֆոնի ձեռք բերումը օպերատորից անհամեմատ ավելի թանկ, քան այլ շուկաներում: Մասնավորապես, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում դրա արժեքը ընդամենը $200 է կազմում:

- Ձեր կողմից նշված գինը կապի օպերատորների կողմից սուբսիդավորումից հետո ձեւավորված գինն է: Orange-ը ոչ միայն iPhone-ի միակ պաշտոնական դիստրիբյուտորն է, այլեւ միակ օպերատորն է հայկական շուկայում, որը սուբսիդավորում է բաժանորդավճարը: 

Հայաստանում մենք ավելի փոքր չափով ենք սուբսիդավորում iPhone-ի գները, քան Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում, այն պարզ պատճառով, որ ԱՄՆ-ում օպերատորի մեկ բաժանորդից գոյացած միջին ամսական եկամուտը մոտ $50 է կազմում, Ֆրանսիայում՝ մոտ $35-40, իսկ Հայաստանում՝ ընդամենը $12-15: Հետեւաբար, սուբսիդավորումը եւս չի կարող այդքան մեծ լինել:

Ինչ վերաբերում է գնին առանց սուբսիդավորման, ապա France Telecom-ը գլոբալ համագործակցության մասին պայմանագիր ունի Apple-ի հետ, ինչը թույլ է տալիս բավականին մրցունակ լինել հայկական շուկայում: Թույլ տվեք գաղտնիք բացել. Apple-ի արտադրանքի գնային մարժան մեզ մոտ 10%-ից ցածր է:

Գնից բացի մարդկանց հետաքրքրում է նաեւ երաշխիքային սպասարկումը, ու եթե գնված սմարթֆոնի հետ ինչ-որ բան պատահի, հաճախորդը միշտ կարող է հույս դնել մեզ վրա:

Ֆրանսիս Ժելիբտերի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: