16:45 | 07.03.13 | Նորություններ | exclusive 3013
Պրոմեթեյ Բանկի եւ Banks.am պորտալի համատեղ մրցույթի առաջարկների ընդունումը, ինչպես եւ նախօրոք հայտարարվել էր, կմեկնարկի ս.թ. մարտի 8-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ: Հաղթողի/հաղթողների անունը/անունները կհրապարակվեն Banks.am-ում ս.թ. ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու համար գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է ներկայացնեն գործող բիզնեսի հետագա զարգացման սեփական առաջարկ (հայեցակարգ), որը, մասնակցի հիմնավորմամբ, հնարավոր կլինի իրագործել ակնկալվող վարկային միջոցների (բիզնես-վարկի) հաշվին:
Մրցույթի հաղթողին Պրոմեթեյ Բանկը կտրամադրի բիզնես-վարկ գործող բիզնեսի զարգացման նպատակով, հետեւյալ արտոնյալ պայմաններով`
• տարեկան տոկոսադրույքը՝ 8%
• մարման ժամկետը՝ մինչեւ 7 տարի
• գումարը՝ մինչեւ 100 000 ԱՄՆ դոլար
Հետաքրքիր (նորարարական) գաղափարներով հավասարազոր առաջարկների առկայության դեպքում հաղթող կարող են ճանաչվել մինչեւ 3 մասնակիցներ:
Մրցույթի գործողության ընթացքում Banks.am պորտալի գլխավոր էջի աջ մասում (պատուհան աջից) գործում է «Մրցույթ կանանց համար» հատուկ բաժինը, որտեղ կներկայացվեն մրցույթի ընթացքն ու արդյունքները: Դրանց կարելի է հետեւել նաեւ, գրանցվելով Facebook սոցիալական ցանցում Banks.am-ի էջում:
Խնդրում ենք խստագույնս հետեւել մրցույթի պայմաններին, որոնք մանրամասն ներկայացված են այստեղ:
Պրոմեթեյ Բանկը եւ Banks.am-ը շնորհավորում են գարնան տոների առթիվ եւ հաջողություն մաղթում մասնակիցներին: