17:02 | 05.03.13 | Նորություններ | 1323
Մարտի 5-ից 9-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն «ՀայԹեք Արմենիա» բրենդը Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվող միջազգային խոշորագույն թվային CeBIT ամենամյա ցուցահանդեսին:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Պատվիրակության կազմում են «Ինստիգեյթ», «Լոկատոր» եւ «Իքս-Թեք» ընկերությունները, ինչպես նաեւ Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան, հայտնել են ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան գրասենյակից:
Հայկական պատվիրակության մասնակցությունը CeBIT ամենամյա ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի եւ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության « Ներմուծումների խթանման կենտրոն» (CBI) գործակալության աջակցությամբ:
Ցուցահանդեսին «Ինստիգեյթ»-ը կներկայացնի իր մշակած ծրագրային հավելվածները՝ iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար մուլտիթրեք մեդիա նվագարկիչը, ձեռնարկությունների զարգացման համար ծրագրային լուծումները եւ այլն: «Իքս-Թեք»-ը կներկայացնի իր Kinect ծրագրային հավելվածներն ու խաղերը, վեբկայքերի մշակման ծառայությունները, այդ թվում՝ էլեկտրոնային առեւտրի, ցանցերի եւ բջջային հեռախոսների ծրագրային հավելվածների համար, եւ իր վերջին՝ CityBugs.am նախագիծը: Իսկ «Լոկատոր»-ը կներկայանա ավտոմեքենաների շարժին հետեւելու, տվյալների փոխանցման, 3D մոդելավորման եւ այլ նախագծերով:
CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ կենցաղային եւ կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու եւ տեխնոլոգիական լուծումներ ներկայացնելու միջազգային հարթակ է: Ամեն տարի CeBIT-ի հարկի տակ ներկայանում են ավելի քան 4 000 ընկերություններ 70 երկրներից, իսկ այցելուների թիվն անցնում է 310 000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրներից: Հայաստանյան ընկերությունները 2000 թվականից ի վեր մի քանի անգամ մասնակցել են CeBIT ցուցահանդեսին: