07:55 | 24.10.12 | Նորություններ | 4539

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Օրրանի վանաձորյան շենքի կառուցմանը

Երեւան/Մեդիամաքս/. Վանաձորում կայացել է «Օրրան-Գրիգորյան» եռահարկ նորակառույցի հանդիսավոր բացումը, որը ծառայելու է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաեւ միայնակ ու անօգնական տարեցների կարիքները հոգալուն:

Շենքը կառուցվել է Իտալիայի ԱԳՆ-ի, հայազգի բարերար Գրիգոր Գրիգորյանի (Մեծ Բրիտանիա), ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ մի շարք անհատ բարերարների միջոցներով:

«Օրրանի» վանաձորյան մասնաճյուղը հիմնադրվել է 2009 թ-ին: Նախքան նոր շենքի կառուցումն այն գործում էր վարձակալած փոքրիկ տարածքում: Ներկայումս կենտրոնում ընդգրկված է 55 երեխա:

«Երեխաներն միանշանակ իրավունք ունեն տանիք ունենալու, նրանք պետք է տեսնեն միայն սեր եւ ջերմություն, եւ այդ սերն ու ջերմությունը նրանց տալը նախեւառաջ մեր`
մեծահասակների պարտականությունն է»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Օրրանի» տանիքի ներքո ամենօրյա սնունդ, կրթություն, սոցիալական աջակցության եւ առողջապահական-հոգեբանական ծառայություններ են մատուցվում փողոցից կտրված ծայրահեղ կարիքավոր երեխաներին եւ միայնակ ու անօգնական տարեցներին:

Նորակառույց շենքում յուրաքանչյուր առավոտ տաք կերակուր կմատուցվի տարեցներին: Դպրոցական օրվա ավարտից անմիջապես հետո կենտրոն կժամանեն նաեւ սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները: «Օրրանը» կհոգա նրանց առողջ սննդով ապահովելու կարիքը եւ մանկավարժների օգնությամբ կաջակցի հաջորդ օրվա դասերը պատրաստելու հարցում: Կենտրոնը երեխաներին կընձեռի նաեւ տարբեր արհեստներ սովորելու, մշակութային օջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու եւ ամառային արձակուրդները ճամբարներում անցկացնելու հնարավորություն: Երեխաները հետագայում ձեռք կբերեն նաեւ աշխատանքի տեղավորվելու հնարավորություն եւ կօգտվեն անհրաժեշտ մի շարք այլ ծառայություններից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Օրրանին» աջակցում է նաեւ ամենամյա բարեգործական ընթրիքներին կատարվող հանգանակության տեսքով: Այս տարի կայացած ամենամյա 7-րդ բարեգործական ընթրիքըի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարեց 90 միլիոն դրամի հանգանակություն, ինչպես նաեւ բնակարան նվիրեց կարիքավոր ընտանիքի: