07:20 | 24.10.12 | Նորություններ | 2091

Հայաստանը 3-րդն է աշխարհում համակարգիչն ինտերնետից վարակելու վտանգով

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել այն երկրների ցանկում, որոնց բնակիչները ենթարկվում են իրենց համակարգիչներն ինտերնետից վարակելու առավելագույն ռիսկին, հաղորդում է Cnews-ը:

Kaspersky Lab-ի վերլուծաբաններն առանձնացրել են երկրների 4 խումբ՝ ըստ օգտագործողների համակարգիչները վարակելու վտանգի մակարդակի. առավելագույն ռիսկային խումբ, բարձր ռիսկային խումբ, ռիսկային խումբ եւ անվտանգ երկների խումբ: Ցանկը կազմելու համար ընկերությունն օգտագործել է հակավիրուսային Kaspersky Security Network ցանցի ահազանգերի վիճակագրությունը:

Հայաստանը գտնվում է բարձր ռիսկային խմբում, որտեղ 2012թ. III եռամսյակում իրենց համակարգիչն ինտերնետից վարակելու վտանգին առնչվել է օգտագործողների 56,2%-ը:

Ցանկում առաջին տեղում Տաջիկստանն է (61,1%), երկրորդում՝ Ռուսաստանը (58%):

Բարձր ռիսկային տարածքների (օգտագործողների 41-60%-ն առնչվել է վնասաբեր սոֆթի հետ) կարգավիճակ է շնորհվել 10 երկրների, որոնք բոլորը պատկանում են հետխորհրդային տարածքին: Ամենաանվտանգ երկների շարքին են դասվել, մանսավորապես, Ճապոնիան (13,6%), Դանիան (17,7%), Թայվանը (15,4%), Հոնգ Կոնգը (19,3%), Լյուքսեմբուրգը (19,7%), Սլովակիան (20,7%), Սինգապուրը (20,9%) եւ մի շարք աֆրիկյան պետություններ, որտեղ ինտերնետը թույլ է զարգացած: