06:15 | 27.09.12 | Նորություններ | 3493

Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն-ը ամփոփեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS նախագծի հերթական փուլի արդյունքները

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի երրորդ փուլի արդյունքների մասին:

Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը: Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները հանգանակում են 100, իսկ 5678 համարին` 500 դրամ:

Օգոստոս ամսին Orange-ի բաժանորդները հանգանակել են 281 000 ՀՀ դրամ: Orange Հիմնադրամը կկրկնապատկի գումարը` Վորլդ Վիժն Հայաստանին փոխանցելով 562.000 դրամ:

Գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի Շիրակի մարզում բնակվող Սպարտակի եւ Արմինեի ընտանիքին օգնելու համար: Վերջիններս ունեն 3 երեխա եւ ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց 8-ամյա ավագ դստերը ստիպված են եղել հանձնել գիշերօթիկ հաստատության հոգածությանը: Ընտանիքի հայրը՝ Սպարտակը, ավտոմեխանիկ է, սակայն անհրաժեշտ գործիքներ չունենալու պատճառով չէր կարողանում լիարժեք աշխատել: Հանգանակված գումարով հնարավոր կլինի ձեռք բերել անհրաժեշտ գործիքների հավաքածու:

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այս նախաձեռնությանը մասնակցած մեր բաժանորդներին: Հետաքրքրական է նշել, որ SMS-հանգանակության օգոստոսյան փուլի մասնակիցներից շատերը նախագծին մասնակցում են առաջին անգամ, ինչը նշանակում է, որ նորանոր մարդիկ են ցանկանում մասնակցել եւ իրենց լուման ներդնել այս նախագծի իրականացման գործում: Նախագծի ամենակարեւոր բաղկացուցիչներից է այն, որ մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է քայլ անել` օգնելու երեխաների, ովքեր ունեն ծնողներ, սակայն ստիպված են մեծանալ խնամքի հաստատությունում»,- ասել է Հայաստանում Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը կտեւի մինչեւ 2013թ. հունիսը: