08:27 | 25.09.12 | Նորություններ | 3690

ԱրմենՏելը պարգեւատրել է Quadra Drive 2012 առաջնության հաղթողներին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (ապրանքանիշը Beeline) եւ էքստրեմալ մարզաձեւերի «Ադրենալին» ասոցիացիան այսօր պարգեւատրել են Quadra Drive 2012 միջազգային բաց առաջնության հաղթողներին:

Սեպտեմբերի 15-ից 16-ը Տավուշի մարզում կայացած Jeep Trophy կողմնորոշում տիպի առաջնությանը մասնակցել են 32 մարզիկներ Հայաստանից, Վրաստանից եւ Ռուսաստանից:

Միջոցառումը մեկնարկեց Դիլիջան քաղաքում: Մարզիկները տոպոլոգիական քարտեզների օգնությամբ անցան երթուղու նշված կետերով, Մեծ եւ Փոքր Մայմեխ սարերով` հասնելով Իջեւան, որտեղ էլ հայտարարվեց ավարտը: 16-ժամյա մրցույթի հաղթող ճանաչվեցին ամենաշատ միավոր հավաքած մարզիկները, հայտնել են ԱրմենՏել-ում:

Արտաճանապարհային մեքենաների դասում հաղթող ճանաչվեցին երեւանցիներ Դավիթ Մարտիրոսյանը, Ռուբեն Սահակյանը եւ Լյուդվիգ Երմազյանը, ովքեր համապատասխանաբար գրավեցին առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը: Քառացիկլետների դասում հաղթողները նույնպես Երեւանից էին: Էդուարդ Գայֆաջյանը, Գարեգին Արզումանյանը եւ Հակոբ Ղարախանյանը համապատասխանաբար նվաճեցին ոսկի, արծաթ եւ բրոնզ:

«Հերթական անգամ հայ մարզկները ապացուցեցին իրենց վարպետությունը դժվար անցանելի ճանապարհներին` ցուցաբերելով դիմացկունություն եւ մեծ կամքի ուժ: «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ հայ մարզիկներին, մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ, նոր ռեկորդներ եւ հաղթանակին հասնելու մեծ ցանկություն»,- նշել է ԱրմենՏելի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: 

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ԱրմենՏելին` էքստրեմալ սպորտաձեւերի ամենատարբեր մրցություններին աջակցելու համար: Երախտապարտ ենք նաեւ այն ներդրման համար, որ ընկերությունն ունեցավ ոչ միայն պրոֆեսիոնալ վարորդների այլ նաեւ երիտասարդ մարզիկների զարգացման եւ թիմային ոգի դաստիարակելու գործում:
 
Մարզիկներն ընդհանուր առմամբ հաղթահարեցին 180 կմ: Մրցույթներին հետեւում էին Դիլիջանի, Իջեւանի եւ մոտակա գյուղերի հազարավոր բնակիչներ: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Իջեւան քաղաքում եւ ուղեկցվեց տոնական համերգով: