14:38 | 29.08.12 | Նորություններ | 5295

Orange Armenia-ի նոր ղեկավարը ֆինանսական ոլորտի մասնագետ է

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի նոր ղեկավար Ֆրանսիս Ժելիբտերը վերջին 18 տարիներին ֆինանսական ոլորտի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել France Telecom Խմբում:

Վերջին 4 տարիներին նա զբաղեցրել է France Telecom խմբի եվրոպական շուկաների գնումների եւ մատակարարման բաժնի ղեկավարի պաշտոնը, մինչ այդ՝ 2003-06թթ. ղեկավարել է Orange Moldova-ն, իսկ 2006-ից՝ Ռուսաստանում Orange Business Services ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Հանդես գալով այսօր Երեւանում ընկերության հեռացող գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի եւ Ֆրանս Տելեկոմ-ի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինի հետ համատեղ ասուլիսում, Ֆրանսիս Ժելիբտերն ասել է, որ տպավորված է Orange Armenia-ի երիտասարդ եւ դինամիկ թիմով եւ կարճ ժամանակահատվածում ընկերության արձանագրած հաջողություններով:

«Իմ առաջնային գործն այստեղ կայանալու է ձեւավորված ավանդույթների պահպանության եւ բնակչությանը նորարար ծառայություններ առաջարկելու մեջ», - ասել է Ֆրանսիս Ժելիբտերը:

Բրունո Դյութուան նշել է, որ Հայաստանում աշխատելու տարիները իր համար մեծ մասնագիտական փորձառություն էին: Նա իր երախտիքն է հայտնել ընկերության աշխատակիցներին, բաժանորդներին, Հայաստանի իշխանություններին եւ երկրի ողջ բնակչությանը: «Ես մեկնում եմ մի երկրից, որտեղ իսկապես սիրեցի ապրել եւ աշխատել: Այնտեղ անցկացրած տարիների ընթացքում առիթ եմ ունեցել ճամփորդել ամբողջ Հայաստանով եւ հիանալ այս երկրի բնությամբ ու մշակույթով»,- ասել է Բրունո Դյութուան:

Բենուա Շինը հայտնել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունների մենեջմենթի պարբերական փոփոխությունը France Telecom-ի քաղաքականությունն է: Նա նշել է, որ Ֆրանսիս Ժելիբտերի ղեկավարությամբ Orange Armenia-ն կշարունակի շեշտադրել որակյալ եւ նորարար ծառայությունները եւ, մասնավորապես, առաջ մղել մուլտիմեդիա ծառայությունները եւ շարժական ինտերնետը:

Նշենք, որ 2006-ին Orange Moldova-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Ֆրանսիս Ժելիբտերին փոխարինել է հենց Բրունո Դյութուան, որին այսօր փոխարինում է արդեն Orange Armenia-ի ղեկավարի պաշտոնում: