11:05 | 27.08.12 | Նորություններ | 831
Երեւան/Մեդիամաքս/. ՄԱԿ հաղորդակցության ստանդարտների գործակալությունը հաստատել է բարձր հստակությամբ հեռուստատեսության նոր Super Hi-Vision 8K ստանդարտը, որը կհեռարձակի պատկերները 7680*4320 պիքսել հստակությամբ, ինչը համարժեք է 32 մեգապիքսելանոց ֆոտոխցիկին:
Ճապոնական NHK հեռարձակողն արդեն փորձարկել է նոր ստանդարտը լոնդոնյան Օլիմպիական խաղերի ժամանակ, որտեղ, լսարանի հավաստմամբ, տպավորությունն այնպիսին էր, կարծես մարդիկ տեսնում են ամեն ինչ իրականում, այլ ոչ թե հեռուստաէկրանին:
Նոր տեխնոլոգիան ենթադրում է 60 կադր վայրկյանում, սակայն NHK-ը նախատեսում է ավելացնել այն մինչեւ 120: Նշենք, որ ներկայիս HDTV ալիքները ապահովում են ընդամենը 25 կադր վայրկյանում:
NKH համոզմամբ նոր տեխնոլոգիան շատ ավելի նշանակալից ձեռքբերում է, քան 3D հեռարձակումը: Նոր տեխնոլոգիան ցուցադրելու համար ճապոնական ընկերությունն օգտագործել է 3,7 մետր տրամագծով Panasonic դիսփլեյ, որոնք դեռ չեն մտել ազատ վաճառքի մեջ:
Նշենք, որ հեռուստացույցներ արտադրողների մեծամասնությունը ներկայումս կենտրոնացնում են ուժերը 4K ապահովող սարքերի արդադրության վրա, ինչը ենթադրում է վերոհիշյալ հստակության կեսը: Ակնկալվում է, որ 8K ստանդարտով առաջին հեռարձակումները աշխարհում կմեկնարկեն 2020-ին: