15:55 | 28.06.12 | Նորություններ | 3157

ezetop-ը դառնում է Օրանժ Արմենիայի միջազգային գործընկերը

Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիան այսօր հայտարարեց ezetop-ի` միջազգային բջջային վճարումների առաջատարներից մեկի հետ համագործակցության մեկնարկի մասին:

Դրա շնորհիվ արտերկրում բնակվողները կարող են գումար փոխանցել Հայաստանում գտնվող մտերիմների բջջային հեռախոսահամարի հաշվին աշխարհի 20 երկրների ավելի քան 400,000 կետերից եւ www.ezetop.com կայքից:

ezetop ծառայության շնորհիվ միջազգային ռոմինգում գտնվող Orange բաժանորդները կկարողանան լիցքավորել հաշիվը` հենց ճամփորդության ընթացքում: Դրա համար բավարար է ունենալ Visa կամ Master միջազգային քարտ կամ PayPal Հաշիվ:

«Մենք անում ենք ամեն ինչ` մեր բաժանորդներին տրամադրելու պարզ, վստահելի ու հասանելի հնարավորություններ բջջային վճարումները կատարելու համար` լինեն նրանք տանը, թե արտասահմանում: ezetop լուծումը վստահաբար մեծ պահանջարկ կունենա Orange-ի բաժանորդների շրջանում եւ հատկապես օգտակար կլինի Ռուսաստանում, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում ճամփորդող մեր բաժանորդներին», - ասաց Օրանժ Արմենիայի վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը: