ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
16:33 | 05.06.12 | Նորություններ | 4501
Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն 45 միլիոն դրամի սոցիալական ներդրումներ է իրականացրել` Արմավիրի մարզի Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Նոր Արտամետ եւ Արգինա գյուղերում ութ միավոր «Զենիթ» հակակարկտային կայանների արտադրման եւ տեղակայման համար:
Նախորդ տարի, ըստ որոշ գնահատականների, այս գյուղերում տեղումների պատճառով գյուղատնտեսական ապրանքների մոտ 60 տոկոս կորուստ են կրել:
Հակակարկտային կայանի կառավարումն իրականացվում է ավտոմատ կերպով` բջջային հեռախոսից` GSM շարժական կապի միջոցով կիրառելով SMS հաղորդագրություններ: Վերջինիս տեխնիկական ապահովումը իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կապի միջոցներով, ընդ որում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հակակարկտային կայանների համար սահմանվել է կապի հատուկ սակագին: Կայանի ինքնավար աշխատանքն ապահովելու համար օգտագործվել է արեւային էլեկտրասնուցման համակարգ:
«Հաճախ գարնանը կարկուտը զգալի վնաս է հասցնում գյուղացիներին: Հակակարկտային կայանները կօգնեն ավելացնել գյուղատնտեսության ոլորտի եկամտաբերությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` բարելավել մարզերի բնակչության կյանքի որակը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2008-ից 2010 թթ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 120 միլիոն դրամ, իսկ միայն 2012-ին` 45 միլիոն դրամ:
Հինգ գյուղում մոտ 90 տոկոս արդյունավետությամբ գործող հակակարկտային կայանների տեղադրման շնորհիվ մեկ տարվա ընթացքում Արմավիրի մարզում հնարավոր կլինի պաշտպանել 800 հեկտար մշակված հողատարածք: