13:34 | 05.06.12 | Նորություններ | 2053

Բջջային օպերատորները տարակարծիք են ինովացիոն նախարարության ստեղծման հարցում

Երեւան/Մեդիամաքս/. Որքան շատ նախարարություններ, այնքան շատ պաշտոնյաներ եւ այնքան շատ լրացուցիչ բեռ պետբյուջեի վրա, ասել է ԱրմենՏել-ի տնօրեն Իգոր Կլիմկոն մեկնաբանելով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության (ԻՏՁՄ) առաջարկը՝ ոլորտի համար պատասխանատու նախարարության ստեղծման մասին:

ԱրմենՏել-ի տնօրենն ասել է, որ հստակ դիրքորոշում չունի նոր նախարարության ստեղծման գաղափարի վերաբերյալ, քանի որ դեռ չի պատկերացնում նման գերատեսչության պոտենցիալ օգուտը ոլորտի եւ տնտեսության համար: Ըստ նրա, նախարարության ստեղծման արդարացված լինելը կպարզվի ՏՀՏ-ոլորտի դերակատարների քննարկումների արդյունքում:

Օրանժ Արմենիա-ի մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը Մեդիամաքս-ին ասել է, որ ընկերությունը, հանդիսանալով ԻՏՁՄ անդամ, հետաքրքիր է համարում այս նախաձեռնությունը, եւ «լինելով ինովացիոն ընկերություն, ողջունում է նորարարությունների խթանմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը զերծ է մնացել խնդրի առնչությամբ մեկնաբանություն անելուց:

ԻՏՁՄ-ը մայիսի 11-ին հայտարարություն էր տարածել, որում ՀՀ նախագահին եւ նորընտիր Ազգային Ժողովին առաջարկվում էր ստեղծել տեխնոլոգիական եւ ինովացիոն զարգացման նախարարություն: