16:48 | 29.05.12 | Նորություններ | 2570
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ «Ադրենալին» էքստրեմալ մարզաձևերի ասոցիացիան ամփոփել են մայիսի 25-ին Երեւանում անցկացված Drag-Racing անվանակարգի Big Race 2012-ի արդյունքները:
Ռալիին մասնակցեցին վարորդներ Հայաստանից, Բելգիայից, Վրաստանից, Իրանից եւ Ուկրաինայից: Հարավային Կովկասում ավտոսպորտի պատմության մեջ առաջին անգամ միմյանց հետ մրցում էին ոչ միայն մարդատար, այլեւ բեռնատար մեքենաներ:
Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցեցին շուրջ 200 վարորդներ:
Big Race 2012 ավտոմրցավազքում մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ` «Class A» դասում հաղթեց Սերգեյ Արջվանիձեն ВАЗ 21-074 մեքենայով, «Class B» դասում լավագույնը ճանաչվեց Ասպուրակ Չոփիկյանը BMW 320 մեքենայով: Նույն մակնիշի մեքենայով հանդես եկող Գեւորգը Հայրապետյան հաղթող ճանաչվեց «Class C» դասում, իսկ «Class D» եւ «Class Е» դասերում` Գառնիկ Մկրտչյանը (Mercedes-Benz 190D) եւ Դավիթ Հակոբյանը (BMW X6M):
Հատուկ մրցանակի արժանացավ միակ կին վարորդը` բելգիացի Պեպա Ալեքսանդրովան, ով ավտոմրցավազքին մասնակցում էր Mercedes Actros մակնիշի բեռնատար մեքենայով:
«Big Race 2012 ավտոմրցավազքը «ԱրմենՏել» ընկերության եւ «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ասոցիացիայի հաջող համագործակցության եւս մեկ օրինակ է: Համոզված ենք, որ կարողացանք ավտոսպորտի սիրահար երեւանցիներին նվիրել եւս մեկ օր` լեցուն դրական զգացմունքներով եւ վառ տպավորություններով», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: