17:58 | 25.05.12 | Նորություններ | 970

Շուրջ 200 կազմակերպությունների ղեկավարներ սատարում են ինովացիոն նախարարություն ստեղծելու գաղափարին

Երեւան/Մեդիամաքս/. Շուրջ 200 ընկերությունների եւ կազմակերպությունների ղեկավարներ այսօր ստորագրվել են ինովացիոն նախարարություն ստեղծելու Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության տակ:

Ինչպես նշել է ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը, տեխնոլոգիական եւ ինովացիոն զարգացման նախարարության անհրաժեշտությունը բխում է ոչ միայն ՏՀՏ-ոլորտի, այլ ամբողջ երկրի շահերից:

«Կա սխալ ըմբռնում, որ մենք ուզում ենք IT-նախարարություն, մինչդեռ մեզ պետք է երկրի մոդեռնիզացման համար պատասխանատու պետական մարմին: Այսօր մեր ոլորտի ընկերությունների 70%-ն աշխատում են արտահանման վրա, իսկ մնացած 30%-ը ունեն շատ սպեցիֆիկ գործառույթներ, IT-ն չի ստանում լայն տարածում Հայաստանի պետական կառավարման համակարգում, սոցիալ-տնտեսական կյանքում», - ասել է Կարեն Վարդանյանը:

Համաժողովին ներկա էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանն ասել է, որ եկել է ծանոթանալու գաղափարին, սակայն «ոչ էթիկական» է համարել սեփական տեսակետի հայտնումը նման նախարարության անհրաժեշտության վերաբերյալ:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչներից համաժողոցին ներկա ՀՅԴ անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանը ողջունել է նախաձեռնությունը եւ կոչ արել ոլորտին չհամաձայնել, եթե նախարարության փոխարեն իշխանություններն առաջարկեն նրան որեւէ այլ մարմնի ստեղծում:

Ինովացիոն զարգացման նախարարություն ստեղծելու նախաձեռնության հիմնավորումները ԻՏՁՄ տնօրենը օրերս ներկայացրել է Մեդիամաքս-ին: