18:03 | 24.05.12 | Նորություններ | 828

Ինովացիոն զարգացման նախարարություն. անհրաժեշտությո՞ւն, թե՞ քմահաճույք

Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից մայիսի 11-ին տարածված հայտարարությունը, որում ՀՀ նախագահին եւ նորընտիր Ազգային Ժողովին առաջարկում է ստեղծել տեխնոլոգիական եւ ինովացիոն զարգացման նախարարություն, արագ տեմպերով կողմակիցներ է հավաքում:

Նախաձեռնությունն ողջունել են մի շարք մասնագիտական միություններ, որոնց երեկ միացել են նաեւ Տելեբժշկության հայկական ասոցիացիան եւ Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը:

ԻՏՋՄ նախաձեռնության նպատակն է ունենալ մեկ միասնական մարմին, որը պատասխանատու կլինի ՏՀՏ ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար:

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով նոր նախարարության ստեղծման անհրաժեշտությունը՝ ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանն ասել է, որ ՏՀՏ ոլորտն այսօր փաստացի չի կառավարվում ու «բաղդատված է տարբեր գերատեսչությունների միջեւ, եւ որեւէ փոքր հարց լուծելու համար մենք ստիպված ենք աշխատել միանգամից մի քանի մարմինների հետ»:

«Այս նախարարության հիմնական գործառույթը կայանալու է երկրում մոդեռնիզացման իրականացման մեջ, իսկ մոդեռնիզացումը վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ասպեկտներին: Օրինակ՝ բանակի մոդեռնիզացման հարցը. Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը պետք է ամբողջովին հիմնվի բարձր տեխնոլոգիաների վրա: Պետք է լինի մասնագիտացված մարմին, որը կկարողանա արդյունավետ կերպով ղեկավարել այս գործընթացը»,- ասել է Կարեն Վարդանյանը:

Նրա համոզմամբ, ոլորտի համար պատասխանատու մարմնի առկայության դեպքում այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրոնային առեւտրի զարգացումը, դառնում են «համար 1» խնդիր եւ լուծվում շատ ավելի արագ, քան ներկայումս: