15:24 | 23.05.12 | Նորություններ | 3874
Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 15-16-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում անցկացվելիք Դիջիթեք բիզնես ֆորումի ընթացքում կքննարկվի նաեւ նորարարությունների կառավարման եւ մոդեռնիզացիայի մասով պետական մարմնի ստեղծման հարցը:
Այս մասին այսօր հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` նշելով, որ կյանքի դրական փոփոխություն ապահովող ՏՏ ոլորտը պետք է պլանաչափ կառավարման ենթարկվի:
Նա տեղեկացրել է, որ ֆորումը բաղկացած կլինի մի շարք միջոցառումներից` տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանսից, տեխնոլոգիական սեմինարների շարքից, “Digiteq Business” ցուցահանդեսից, որին կմասնակցեն մոտ 40 տեղական եւ միջազգային ընկերություններ:
“Ֆորումի 2-րդ օրը քննարկումների հարթակը կտրամադրվի բլոգերներին, ովքեր հատուկ մրցանակ կշնորհեն ամենավատ անցկացված տենդերի համար”,- ասել է Կարեն Վարդանյանը:
Ֆորումի գլխավոր գործընկեր Արմենթել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ տարեցտարի ֆորումում գրանցվում է ընկերությունների եւ նրանց առաջարկած լուծումների քանակական եւ որակական աճ:
“Այս տարի Արմենթել-ը ֆորումի ընթացքում կներկայացնի ծառայությունների փաթեթ կորպորատիվ բաժանորդների համար: Մասնավորապես, “Վիրտուալ մասնավոր ցանցի” ծառայությունը, որի միջոցով տարբեր տարածքներում բաշխված գրասենյակները համախմբվում են միասնական կորպորատիվ մասնավոր ցանցում”,- նշել է նա:
Ֆորումի անցկացմանն այս տարի աջակցելու է նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի միջոցով: Ծրագրի արժեքի շղթայի բաղադրիչի ղեկավար Զդրավկո Շամին ասել է, որ իրենց նպատակն է աջակցել հայկական շուկայի պրոդուկտների մրցունակության բարձրացմանը: