13:01 | 22.05.12 | Նորություններ | 3065
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Facebook SMS» ծառայությունը, որի շնորհիվ կարելի է բջջայինի միջոցով շփվել Facebook-ում` առանց ինտերնետ օգտագործելու:
Ակտիվացնելով այն, SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու այլ ծանուցումներ, որոնց կարելի է արձագանքել` ուղարկելով պատասխան հաղորդագրություններ: Բացի այդ, օգտագործողն ինքը կարող է թարմացնել կարգավիճակը եւ կատարել մի շարք այլ գործողություններ` ուղարկելով համապատասխան հրահանգը 32665 համարին, հայտնել են ընկերությունում:
Այս հնարավորություններից օգտվելու համար օգտագործողը պետք է Facebook-ի իր էջից մուտք գործի «Հաշվի կարգավորումներ» բաժինը, ընտրի «Բջջային» հղումը եւ ակտիվացնի տեքստային հաղորդագրությունները (եթե հաշվում նշված չէ հեռախոսահամար, ապա նախ կպահանջվի ավելացնել համարը): Ծառայությունը կարելի է ակտիվացնել նաեւ` ուղարկելով fb կամ f տեքստը պարունակող SMS 32665 կարճ համարին:
Ծանուցումները բաժանորդին կուղարկվեն 32665-ով սկսվող համարներից եւ յուրաքանչյուրին արձագանքելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել հենց տվյալ հաղորդագրությանը:
«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին ուղարկվող այլ հրահանգ արժե 4 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` այցելելով https://www.facebook.com/help/mobiletexts էջը: