17:30 | 10.04.12 | Նորություններ | 1841

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Տեսակրպակ» նախագիծը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր հայտարարել է նոր` «Տեսակրպակ» նախագծի մեկնարկի մասին:

Նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի պատմական հուշարձանների ճանաչմանն ամբողջ աշխարհում:

Առաջին սարքը տեղադրվել է Էջմիածնում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարեւանությամբ: Այն հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին, վճարելով 500 դրամ, տեսագրելու 1 րոպե տեւողությամբ տեսանյութ եւ ուղարկելու այն ցանկացած էլեկտրոնային հասցեով: Սարքը տեղադրված է այնպես, որ ձայնագրելիս հետին պլանում երեւում է եկեղեցին: Յուրաքանչյուր նամակում կա հղում, որը պարունակում է տեղեկատվություն տվյալ պատմամշակութային հուշարձանի մասին, եւ հասցեատերը հնարավորություն է ստանում տեսնելու ոչ միայն իրեն ուղարկված ողջույնը, այլեւ ծանոթանալու տվյալ հուշարձանի պատմությանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ տեսակրպակը տեսահաղորդագրությունների միջոցով հուզիչ պահերն անմիջապես նկարահանելու եւ ուրիշների հետ օնլայն ռեժիմում կիսելու ամենադյուրին տարբերակն է: Այն զգալիորեն կրճատում է այդ պահերը նկարահանելու եւ հեռու գտնվող ընկերների եւ ընտանիքի անդամների հետ կիսելու ժամանակը: Պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների եւ վայրերի մասին տեղեկություններ ստանալու այս հարմարավետ լուծումն օգնում է այցելուների մոտ ձեւավորել ամուր զգացմունքային կապ պատմական վայրերի հետ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է նմանատիպ եւս 8 սարք տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տարբեր պատմամշակութային հուշարձանների հարեւանությամբ:

Պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: