12:48 | 04.04.12 | Նորություններ | 3958

Յուքոմ-ը սկսում է ընդլայնվել դեպի մարզեր

Երեւան/Մեդիամաքս/. Յուքոմ-ը սկսել է օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը Հայաստանի մարզերում եւ աշնան սկզբին մարզերի մի շարք քաղաքների բնակիչներ կկարողանան օգտվել ընկերության ծառայություններից, այսօր ասել է Յուքոմ-ի տնօրեն Հայկ Եսայանը:

Առաջին հերթին ընկերության ցանցին կմիացվեն Գյումրին, Վանաձորը եւ երեւանամերձ քաղաքները, իսկ 2 տարիների ընթացքում ընկերության ծառայությունները հասանելի կլինեն հանրապետության բոլոր մարզերում:

Երեւանում իր ցանցի կառուցումն ընկերությունը նախատեսում է ավարտել մինչեւ այս տարեւերջ: «2 ամիսների ընթացքում կավարտենք բազմաբնակարան շենքերի միացումը մեր ցանցին, ինչից հետո կանցնենք 53 000 մասնավոր տների միացմանը, ինչը նախատեսում ենք անել 6 ամսվա ընթացքում», - ասել է Հայկ Եսայանը:

Յուքոմ-ի ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ կապի հուսալիության նկատառումներից ելնելով ընկերությունը ձեռք է բերել եւ արդեն գործարկել է դեպի Վրաստան դուրս եկող առանձնացված ինտերնետ-կապուղի, իսկ առաջիկայում կվարձակալի եւս մեկը՝ միաժամանակ չհրաժարվելով մյուս տարանցիկ օպերատորների ծառայություններից:

Հայկ Եսայանի փոխանցմամբ, այսօր ընկերության բաժանորդների թիվը հասնում է 30 000-ի, որոնց շուրջ 70%-ը ինտերնետ-բաժանորդներ են, իսկ մնացածը զուգահեռաբար օգտվում են նաեւ IP- հեռուստատեսության եւ հեռախոսակապի ծառայություններից: