09:48 | 02.04.12 | Նորություններ | 1386
Աշխարհում գյուտերի արտոնագրերը առաջընթացի հիմնական շարժիչ ուժն են: Գրեթե ամեն օր կարդում ենք այն «արտոնագրային պատերազմների» մասին, որոնք վարում են համաշխարհային տնտեսության հսկաները` Apple-ը, Samsung-ը, Apple-ը ու շատ ուրիշներ: Որոշեցինք պարզել, թե ինչպիսի՞ն է այդ ոլորտի հայաստանյան իրականությունը:
Մանուկ Մանուկյանը այն հազվագյուտ գյուտարարներից է, ում գյուտը կյանքի է կոչվել եւ կիրառություն է գտել գյուղատնտեսության, մասնավորապես՝ խաղողագործության մեջ: Խաղողի մշակման գործընթացի դյուրացմանն ուղղված գյուտը այսօր դժվար կիրառություն ունենար, եթե հեղինակը չկիրառեր այն սեփական բիզնեսում: Մանուկ Մանուկյանը միաժամանակ թե գյուտարար է եւ թե` գործարար:
Մանուկ Մանուկյանն ասում է, որ իր ստեղծած՝ խաղողի ճյուղերը հենասյուներին կապելու գործիքն ու հարմարանքները ոչ միայն մի քանի անգամ հեշտացնում են խաղողագործների աշխատանքը, այլեւ արագագործություն են ապահովում:
Գյուտարարն ասում է, որ եթե գործարար չլիներ, բազմաթիվ դժվարություններ կունենար: «Այսօր գյուտարարը արտոնագիր ստանալուց հետո լուրջ խնդրի առջեւ է կանգնում՝ ինչպես կյանքի կոչել այն, որտեղ փորձարկել, որտեղից գումար հայթայթել եւ այլն»,- ասում է Մանուկ Մանուկյանը: Նրա նման գյուտարար-գործարարների թիվը մեր երկրում մատների վրա կարելի է հաշվել:
«Մտավոր սեփականության գործակալությունը» 2011թ. գյուտերի եւ օգտակար մոդելների արտոնագրերի ձեռքբերման համար 188 հայտ է ստացել (2010-ի համեմատ այդ թիվը ավելացել է 1-ով), որից 168-ին արտոնագիր է տրվել: Մեր երկրում գյուտի եւ օգտակար մոդելների գրանցման վճարը կազմում է 8750 դրամ, իսկ արտոնագիրը հաջորդ տարիներին պահպանելու համար անհրաժեշտ է որոշակի գումար վճարել, 2-րդ տարին՝ 5000 դրամ, տարեցտարի այդ գումարը ավելանում է:
«Մտավոր սեփականության գործակալության» Գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանի խոսքով՝ գյուտարարների ընդամենը չնչին տոկոսն է պահպանում արտոնագրի ժամկետը արտոնագրի ստացումից 2-3 տարի անց, այն էլ հիմնականում դիսերտացիայի կամ որեւէ գիտական աշխատանքի համար:
«Այսօր Հայաստանում արտոնագրերի համար տարեկան վճարը չվճարելու արդյունքում գիտնականների գյուտերը հիմնականում դառնում են հանրային սեփականություն»,-ասում է Ավետիս Պերյանը: Նա նշում է, որ գյուտերի ժամկետանց դառնալու միակ պատճառը տարեկան վճարները չեն, կան նաեւ այլ պատճառներ: Դրանցից մեկը գյուտի նկատմամբ հետաքրքրվողների բացակայությունն է, ինչի հետեւանքով գյուտարարը անիմաստ է համարում գումար վճարելը: Պերյանի տեղեկացմամբ, որոշ մարդիկ էլ զուտ ինքնասիրությունից դրդված պաշտպանում են գյուտը, արտոնագիրը դնում շրջանակի մեջ, փակցնում պատին եւ վերջ՝ վստահ իմանալով, որ իրենց գյուտը հայ իրականության մեջ կիրառելի չէ:
Հայաստանում գրանցված գյուտերից եւ օգտակար մոդելներից քանի՞սն են կիրառություն գտել. նման վիճակագրություն չկա, գյուտարարների գյուտի կիրառության մասին որոշ տեղեկություններ ստացվում են ընդամենը «խոսակցություններից»: Այս մասին մեզ ասացին թե «Մտավոր սեփականության գործակալությունում» եւ թե`Հայաստանի նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնում: Երկու կառույցներում էլ նշում են, որ գործարարները չեն ցանկանում երկարաժամկետ ներդրումներ կատարել գիտատար ոլորտում, քանի որ այն բավականին ռիսկային է:
Գահ գործարարներից շատերը հպարտությամբ են խոսում արտերկրից բերված տեխնոլոգիաների եւ հոսքագծերի մասին: Մինչդեռ մեր երկիրը հենց տեղական գյուտերով է, որ պիտի առաջ գնա՝ գյուտարարների եւ գիտնականների մտքի ուժով:
«Պետք լուրջ քայլեր ձեռնարկել երկրում առկա լավագույն առաջարկներն ու նորարարությունները կյանքի կոչելու համար»,-ասում է գյուտարար-գործարար Մանուկ Մանուկյանը: Մինչդեռ այսօր Հայաստանում չկա մի մարմին, որը հնարավորություն ունի գյուտի լուրջ փորձաքննության իրականացնելու: Ինչ փորձաքննության մասին կարելի է խոսել, երբ արտոնագրերը տրամադրող Մտավոր սեփականության գործակալությունում կա կադրերի խնդիր. փորձագետներից ոմանք գնում են թոշակի, իսկ նրանց փոխարինող երիտասարդ կադրեր չկան, քանի որ աշխատանքային պայմանները գրավիչ չեն:
Իսկ Հայաստանի նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնում լավագույն ձեռքբերում է համարվում այն, երբ կենտրոնի աշխատակիցների հաջողվում է գոնե մեկ հանդիպում-քննարկում կազմակերպել գյուտարարի եւ գործարարի մասնակցությամբ հետ: Սակայն, ինչպես ասում է կենտրոնի ձեռներեցության աջակցության եւ առեւտրայնացման բաժնի գլխավոր մասնագետ Սիրուշ Տիրացվյանը, գործարար- գիտնական համագործակցության կոնկրետ օրինակների մասին ասելու ոչինչ չկա` «հետաքրքրվողներ կան, շատ չէ, բայց կան»:
Գյուտարար Մանուկյանի խաղողի մշակման վերաբերյալ գյուտի ներդրումը իր սեփական բիզնեսում դեռեւս բավարար շահույթ չի ապահովվել, որպեսզի կարողանա հատուցել դրա ստեղծման համար կատարված ծախսերը: Սակայն նա համոզված է, որ մեր երկիրը հենց նման գյուտերով է, որ պիտի առաջ գնա: Գյուտարարի համառ ջանքերի շնորհիվ խաղողի ճյուղերը կապելու համար ստեղծված գործիքը բավականին մատչելի է, այն արժե ընդամենը 1600 դրամ: Սակայն այսօր էլ գյուտարարը լուրջ խնդիրների առջեւ է կանգնում, ինչպես իրացնել այն` ՌԴ շուկայում այն իրացնելու մի քանի փորձերը անհաջողության են մատնվել:
Լուսինե Մովսիսյան` հատուկ Itel.am-ի համար: