Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը
15:59 | 21.03.12 | Նորություններ | 1087
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի մի շարք ՏՏ ընկերությունների ղեկավարներին այսօր ներկայացվել են Հայաստանում ստեղծվելիք առաջին ազատ տնտեսական գոտում ընձեռնվող հնարավորությունները:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը պատմել է, որ ստեղծվելիք գոտում ընկերությունները հարկային արտոնություններից բացի օգտվելու են նաեւ արտահանման եւ ներմուծման պարզեցված ընթացակարգերից:
Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին կգործի 5 ամսից: Այն կստեղծվի “Մարս” գործարանի եւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳԻ) տարածքներում։ Գոտու կառավարիչն է ռուսաստանյան “Սիտրոնիքս” ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկությունը՝ Սիտրոնիքս Արմենիա-ն:
Փետրվարի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել էր, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման հիմնական նպատակն ոչ թե Հայաստանում գործող բիզնեսների տեղափոխումն է այնտեղ, այլ ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավումը, եւ առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման աճին նպաստումը: Միեւնույն ժամանակ, նա չի բացառել ազատ տնտեսական գոտում նաեւ հայաստանյան կապիտալով նորաստեղծ ընկերությունների ներկայությունը:
Ըստ նախարարի, գոտու ընկերությունները կգործեն թեթեւ հարկային ռեժիմում, ինչպես նաեւ աջակցություն կստանան արտահանման հարցերում: Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ առաջիկա 6 ամսում նախատեսվում է Սիտրոնիքս Արմենիա-ի կողմից նախապատրաստական բոլոր աշխատանքների ավարտը, ինչից հետո ազատ գոտին կսկսի փաստացի գործել:
Ստեղծվող գոտում կկարողանան աշխատել արտադրաարդյունաբերական եւ տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության եւ կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի եւ հեռահաղորդակցության ոլորտներում գործող ընկերությունները:
Սիտրոնիքս Արմենիա-ի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը 2010թ. դեկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ ընկերությունը նախատեսում է ստեղծել եւ կառավարել անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով հագեցած շուրջ 100 հազ. քմ տարածքով ազատ տնտեսական գոտի՝ ընդհանուր առմամբ ներդնելով $10 մլն: