09:54 | 22.02.12 | Նորություններ | 2182

Իրանը ստեղծում է կիբերբանակ

Երեւան: Մեդիամաքս:Իրանի քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Գոլյամ-Ռեզա Ջալալին հայտարարել է իրանական առաջին կիբերբանակի ստեղծման ծրագրերի մասին, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Press TV-ն:

“ԱՄՆ-ն կրճատում է իր բանակը` ուժեղացնելով կիբերպաշտպանության ենթակառուցվածքը: Իրանի պես երկրներին նույնպես անհրաժեշտ է ստեղծել եւ արդիականացնել իր կիբերպաշտպանության շտաբը, ինչպես նաեւ ստեղծել կիբերբանակ”:

Նրա խոսքերով, Իրանն առաջին երկրներից է, որը վերջին երկու տարիներին ենթարկվել է կիբերգրոհների:

Այդ գրոհներին ենթարկված օբյեկտներին հաջողվել է “կենդանի մնալ”, այդ պատճառով էլ, չնայած դժվարությունների, Իրանը որոշակի չափով ապահովագրված է նման հարձակումների հետեւանքներից, ասել է գեներալը:

Իրանն իր կիբերպաշտպանության շտաբը գործարկել է 4 ամիս առաջ, որի հիմնական նպատակը Իրանի անվտանգության, այդ թվում` միջուկային օբյեկտների, էլեկտրակայանների, տեղեկատվական կենտրոնների եւ բանկերի ցանցերի դեմ համակարգչային վիրուսների գրոհների, տվյալների գողության եւ կոտրումների կանխումն է: