13:16 | 08.02.12 | Նորություններ | 3900

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Մայքրոսոֆթը պարգեւատրել են նորարար ուսուցիչներին

Երեւան/Մեդիամաքս/. “Նորարար ուսուցիչներ” ֆորումի ընթացքում այսօր տեղի է ունեցել նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցանակաբաշխության արարողությունը, որը կազմակերպվել էր “Մայքրոսոֆթ ԱրԷյ” ընկերության ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

“Մայքրոսոֆթ ԱրԷյ” ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն այսօր ասել է, որ ֆորումի նպատակն է խրախուսել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ուսուցման գործընթացում:

“Ուրախությամբ կարող եմ ասել, որ այն տարեցտարի ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում ուսուցիչների շրջանում, մեծ հաջողություններ ենք ունենում: Նախորդ տարի հայաստանյան մրցույթի գլխավոր մրցանակակիրը` ուսուցչուհի Նարինե Բաղդասարյանը, իր նորարար մեթոդի համար եվրոպական ֆորումում եւս արժանացավ առաջին պատվավոր մրցանակին”,- ասել է նա:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր հերթին ասել է. “Մենք ունենք ներուժ, որը հարկավոր է օգտագործել մեր երկիրը կայուն զարգացման ուղով տանելու համար”:

“Նորարար ուսուցիչներ” ֆորումին այս տարի ներկայացվել է 41 նախագծեր, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 13-ը: Եզրափակիչ անցած նախագծերից ընտրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված երեք մրցանակային կարգերի արժանացած մասնակիցները, որոնք ստացել են HTC հեռախոսներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Մայքրոսոֆթ-ի կողմից սահմանված գլխավոր մրցանակին “Տիեզերքը շատ մոտ է” աշխատանքի համար արժանացել է “Օհանյան” կրթահամալիրի ուսուցչուհի Աննա Գալստյանը, ով կդառնա մարտի 19-29-ը Լիսաբոնում կայանալիք եվրոպական ֆորումի հայաստանյան մասնակիցը: