17:17 | 03.02.12 | Նորություններ | 2974

Orange-ը ներդնում է վաճառքի նոր մեթոդներ բաժանորդների սպասարկումը կատարելագործելու նպատակով

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Orange-ի մի շարք խանութներում կներդրվեն վաճառքի ու սպասարկման նոր մեթոդներ, որոնց նպատակն է կատարելագործել բաժանորդների սպասարկումը:

Նոր էլեկտրոնային գործիքը, որն արդեն ներդրվել է Orange-ի խանութներից 10-ում, մոտակա շաբաթների ընթացքում կկիրառվի բոլոր խանութներում` Հայաստանի բոլոր մարզերում գտնվող խանութներին սպասարկման ու խորհրդատվության տալով նույն հնարավորությունները:

«Մենք բազմիցս ենք նշել, որ մեր ընկերության համար արդյունքների ամենակարեւոր ցուցանիշներից  մեկը որակի ցուցանիշն է` ինչպես ցանցի, կապի, բիլինգի ու գանձման, այնպես էլ սպասարկման որակը: 2011թ-ին հսկայական աշխատանք է կատարվել այս բոլոր ուղղություններով, որի արդյունքները մեր բաժանորդները զգում են ամեն օր եւ որի մասին մենք մշտապես ստանում ենք նրանց արձագանքը: Սակայն չի կարելի կանգ առնել, նույնիսկ առաջատարի դիրքերում: 2012թ.-ի մեր առաջնային նպատակներից է կատարելագործել բաժանորդների սպասարկման ու խորհրդատվության որակը, անել եւ առաջարկել ավելին, քան նրանք սպասում են: Այս նոր մեթոդի կիրառումը այս ուղղությամբ մեր աշխատանքի քայլերից մեկն է միայն», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նոր էլեկտրոնային գործիքը, որն այսուհետ կկիրառեն Orange-ի վաճառքի ու սպասարկման աշխատակիցները, հնարավորություն է տալիս կարճ ու արագ հարց-պատասխանների միջոցով բացահայտել հաճախորդի կարիքները` հիմնվելով վերջինիս հեռահաղորդակցային սովորությունների, հիմնական կոնտակտների, ամսական նախատեսված միջին ծախսի եւ այլ գործոնների վրա: Այս տվյալները լրացնելուց հետո համակարգն առաջարկում է ամենահարմար տարբերակը բաժանորդի համար, ինչպես նաեւ գտնում է վերջինիս կարիքներին ամենահամապատասխան մոդելի հեռախոսը: