11:20 | 02.02.12 | Նորություններ | 2051

Google-ը հանգստացնում է օգտատերերին

Երեւան/Մեդիամաքս/. 2012-ին մարտի 1-ին նախատեսված Google-ի գաղտնիության քաղաքականութան փոփոխությունը մտահոգել է ոչ միայն հասարակ ինտերնետ-օգտատերերին, այլեւ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին:

Ընկերությունը ստիպված է եղել պարզաբանել իրավիճակը, գրում է Վեդոմոստի-ն:

Google-ը մտադիր չէ լրացուցիչ տեղեկություններ հավաքել իր օգտատերերի մասին, այլ միայն համախմբել ունեցած տեղեկությունները, որոնք մինչ օրս շատ մասնատված էին, պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները:

Եթե գրանցված օգտատերն աշխատում է Google-ի ծառայություններից մեկում, օրինակ` Gmail փոստում, Google+ սոցիալական ցանցում, YouTube տեսահոլովակների կայքում կամ Picasa լուսանկարչական հոսթինգում, համակարգը հաշվի է առնելու իր օգտատերի պատմությունը նաեւ այլ ծառայություններում: Առաջին հերթին հենց օգտատերերին ավելի հարմարավետ կլինի օգտվել այդ ծառայություններից, կարծում է Google-ը: Երկրորդը` նոր քաղաքականությունն ավելի է համապատասխանում Google-ի մրցակիցների` Yahoo!-ի, Microsoft-ի եւ Apple-ի պրակտիկային: Երրորդը` փոփոխությունները կարող են բարձրացնել գովազդային բիզնեսի եկամտաբերությունը, որը նախորդ տարի կազմել էր շուրջ $40 մլրդ:

Նոր քաղաքականությունը Google-ին հնարավորություն կտա ավելի ճիշտ հասցեագրել հատուկ լսարանին ուղղված ենթատեքստային գովազդը:

Google-ը հատուկ ընդգծում է, որ չի նախատեսում որեւէ կերպ օգտագործել իր հաճախորդների գտնվելու վայրի մասին ունեցած տեղեկությունները: Այսպիսի տեղեկությունները Android օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող բջջայիններից, ինչպես նաեւ Chrome բրաուզեր ունեցող եւ  WiFi-ին միացված որոշ համակարգիչներից ներթափանցում են Google-ի տվյալների բազա: Բոլոր այս տեղեկությունները «գաղտնի են», այնպես որ դրանք առնչություն չունեն ոչ մի կոնկրետ սարքի, առավել եւս` կոնկրետ մարդու հետ, խոստանում է Google-ը: