10:10 | 23.01.12 | Նորություններ | 905

Blackberry-ի ղեկավարները հրաժարական են տվել

Երեւան/Մեդիամաքս/. Blackberry ապրանքանիշի տակ սմարթֆոններ արտադրող կանադական RIM (Research In Motion) ընկերության գլխավոր տնօրեններ Մայք Լազարիդիսը եւ Ջիմ Բոլսիլին հրաժարական են տվել:

BBC-ն նշում է, որ Մայք Լազարիդիսը, ով 1984թ. հիմնադրել էր RIM-ը, կդառնա ընկերության խորհրդի փոխնախագահը, իսկ Ջիմ Բոլսիլին կշարունակի աշխատել խորհրդում, բայց առանց գործառնական դերի:

Այսօրվանից նրանց կփոխարինի ընկերության գործառնական տնօրեն Թորստեն Հայնսը:

Ղեկավարությանը փոխելու դրդապատճառը ընկերության ներդրողների պահանջն է՝ փոխել ընկերության ռազմավարությունը՝ Apple-ի եւ Google-ի հետ մրցապայքարում դիմագրավելու համար:

Blackberry-ն, որը ժամանակին սմարթֆոնների համաշխարհային եւ հատկապես հյուսիսամերիկյան շուկայի առաջատարներից էր, վերջին ամիսներին լուրջ անհաջողություններ է գրանցել: 2011-ին ընկերությունում տեղի էր ունեցել իր պատմության մեջ խոշորագույն տեխնիկական խաթարումը, ինչպես նաեւ զգալիորեն նվազել է իր շուկայական մասնաբաժինը: Ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը վերջին ամիսներին 75%-անոց անկում է ապրել, իսկ վերջին առաջարկներից մեկը՝ Playbook պլանշետային համակարգիչը, չի կարողացել մրցակցել Apple-ի iPad-ի հետ: