09:31 | 23.01.12 | Նորություններ | 2061

Google-ի բաժնետոմսերի գները նվազել են 10%-ով

Երեւան/Մեդիամաքս/. Ուրբաթ օրը, այն բանից հետո, երբ հրապարակվել են Google-ի 2011-ի չորրորդ եռամսյակում ստացված շահույթի վերաբերյալ տեղեկությունները, ընկերության բաժնետոմսերի գները նվազել են 10%-ով, հաղորդում է ՌԲԿ daily-ն` վկայակոչելով Bloomberg-ը:

Չնայած այդ ընթացքում ընկերությունը շահել է $ 2,7 մլրդ, ինչը 200 մլն-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, արդյունքները վերլուծաբանների սպասումներից ցածր են:

Google-ի եկամուտների վրա ազդել է ինտերնետ-գովազդի գների անկումը: Մեկ քլիկի միջին գները նվազել են 8%-ով:  Google-ի չափաբաժինը ԱՄՆ-ի որոնողական համակարգերի միջեւ շարունակում է աճել: Ընկերությունը վերլուծել է 65,9% որոնողական հայտեր` 0,4 % ավելի, քան նախորդ ամիս:

Google-ը որոշակի միջոցներ է ներդրել ներկայումս բջջային հեռախոսների համար նախատեսված աշխարհի ամենատարածված օպերացիոն համակարգի` Android բջջային հարթակի, ինչպես նաեւ Google+ սոցիալական ցանցի զարգացման համար, որի օգտատերերի թիվը 2011-ի վերջին եռամսյակում 40 մլն-ից հասել է 90 մլն-ի:

Ներդրողները կասկածում են, որ ընկերությունը կարող է այդքան զգալի ներդրումներ իրականացնել Motorola բջջային հեռախոսների արտադրողի ձեռք բերման ֆոնի վրա, որի արժեքը կազմել էր $12,5  մլրդ: Միաժամանակ, վերլուծաբաններն ակնկալում են, որ այս տարի Google-ն ավելի լավ արդյունքներ կարձանագրի բիզնեսի նոր ոլորտներում: «Բջջային հեռախոսների հավելումների շուկայի աճը կկազմի ավելի քան 145%»,- գրում են Goldman Sachs-ի վերլուծաբանները: