09:31 | 29.12.11 | Նորություններ | 14498

4G Հայաստանում. պատմությունը եւ հեռանկարները

Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 28-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց Հայաստանում առաջին 4G/LTE ցանցի կոմերցիոն շահագործման մեկնարկի մասին: Itel.am-ը որոշեց վերհիշել, թե ինչը նախորդեց չորրորդ սերնդի ցանցի թողարկմանը:

2010-ի ապրիլին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանն ասել էր, որ ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ներդնել 4G ցանց եւ «դա կապացուցի, որ Հայաստանը Շվեդիայի, Նորվեգիայի եւ ԱՄՆ-ի հետ հավասար կարող է կոչվել հեռահաղորդակցություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ զարգացնող երկիր»:

Նույն տարվա նոյեմբերին Մեդիամաքսի հետ հարցազրույցում Ռալֆ Յիրիկյանն ասել էր, որ ընկերությունը չորրորդ սերնդի ցանցի թողարկման մասին մտածում էր դեռեւս 2009-ին: «Բուն աշխատանքը սկսել ենք 2009թ. նոյեմբեր ամսից`աշխատանքներ ծավալելով թե հարմար մատակարար գտնելու, թե հաճախականություններ ստանալու ուղղությամբ, քանի որ այս տեխնոլոգիան դեռ նոր է և կարող է գործել միայն սահմանափակ թվով հաճախականություններով», - ասել էր նա:

«LTE-ն բացառապես որպես բարձր արագություն ապահովող տեխնոլոգիա ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէր լինի: Իհարկե, երրորդ սերնդի ցանցի հետ համեմատած` այն ապահովում է տասնապատիկ ավելի բարձր արագություն: Միևնույն ժամանակ, այսպես կոչված «հապաղումը» (latency) կիսով չափ նվազում է: Մատակարարների գնահատմամբ  ներբեռնման դեպքում արագությունը կարող է հասնել մինչև 150 Մբիտ/վրկ արագության, իսկ վերբեռնման դեպքում`մինչև 50 Մբիտ/վրկ: Դրանք, ինչ խոսք, տեսական հնարավորություններն են:  Իրականում արագությունը ներբեռնման համար կարող է տատանվել 10-50 Մբիտ/վրկ-ի, իսկ վերբեռնման համար` 5-10 Մբիտ/վրկ-ի սահմաններում: Ակնհայտ է, որ 4G-ն բացարձակ տարբեր է լինելու 3G-ի արագություններից և տեխնոլոգիաների», - ասում էր Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում Ericsson-ի գլխավոր տնօրեն Օլաֆ Պարասեւիչը նախորդ տարվա դեկտեմբերին Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել էր.

«2007թ. մեր ընկերությունը սկսեց համագործակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, այժմ մեր համագործակցությունն ակտիվ զարգանում է: Մասնավորապես, այս տարի մենք դարձանք գործընկերներ 4G/LTE ցանցի փորձարկման գործում, եւ դա լուրջ նվաճում է Հայաստանի համար, որը հայտնվեց աշխարհի ամենաառաջավոր երկրների թվում նոր սերնդի ցանցերի զարգացման գործում: Եվ մենք, անկասկած, շնորհակալ ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի մեր գործընկերներին այդչափ կարեւոր նշանակության ծրագիրը համատեղ զարգացնելու հնարավորության համար».

2010-ի դեկտեմբերի 20-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսեց 4G/LTE ցանցի փորձարկումը Երեւանի փոքր կենտրոնում եւ Արաբկիր համայնքում: Ընկերության ղեկավարի խոսքերով, բացի Ericsson-ից որպես գործընկեր հանդես եկավ նաեւ չինական Huawei ընկերությունը, իսկ 4G/LTE ցանցի շինարարության ներդրումները կազմեցին շուրջ $7.5 մլն:

Ինչ վերաբերում է շուկայի այլ մասնակիցներին, 2010-ի նոյեմբերի սկզբին Orange Armenia-ն իր գրասենյակներից մեկում շնորհանդես էր անցկացրել էր 4G տեխնոլոգիայի հնարավորությունների վերաբերյալ: Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այն ժամանակ նշել էր, որ Orange Armenia-ն մտադիր չէ կարճաժամկետ հեռանկարում 4G ցանց գործարկել Հայաստանում, քանի որ ընկերությունը ներդրել է 3G+ ցանցը, որը բավարարում է բաժանորդների պահանջներին:

Ս.թ. նոյեմբերին Բրունո Դյութուան ասել էր, որ “մեր ցանցը տեխնիկապես համատեղելի է 4G-ի հետ”: Միաժամանակ նա նշել էր, որ “ներկայումս 4G տեխնոլոգիաները փորձարկվում են շատ երկրներում եւ դեռ հասունացած չեն զանգվածաբար սպառողներին ներկայացնելու համար”:

“ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն 2010-ի մայիսին ասում էր, որ ընկերությունը չի նախատեսում առաջիկայում 4G ցանցի ներդրում եւ նախընտրում  է կենտրոնանալ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման վրա: