13:24 | 21.12.11 | Նորություններ | 3017

Orange-ը մեկնարկում է համագործակցություն Գավառի պետական համալսարանի հետ

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում Գավառի պետական համալսարանի հետ: Կնքված համաձայնագրի շրջանակում Orange-ի` բարձր որակավորում ունեցող աշխատակիցները մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաեւ կներգրավվեն համալսարանի ուսումնական ծրագրի կազմման գործընթացին` որպես խորհրդատուներ :

«Գավառի համալսարանով մենք ամփոփում ենք 2011թ. կարեւոր փուլ, որի ընթացքում համագործակցություն սկսեցինք Հայաստանի 9 բուհերի հետ: Համագործակցության համաձայնագրերը նախատեսում են ինչպես գործատու-համալսարան սերտ կապեր` ուսանողներին ավելի հեշտությամբ աշխատանքային աշխարհ ընդունելու նպատակով, այլ նաեւ օգնություն լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները: Ուրախությամբ եմ նշում, որ դրանց մեծ մասը մարզային համալսարաններ կամ մարզային մասնաճյուղեր են, քանի որ մարզերի ուսանողներն ավելի շատ կարիք ունեն մեր աջակցությանը` լավ կարիերա մեկնարկելու համար»,- ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: 

Ընկերությունն իր բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով Գավառի համալսարանին փոխանցել է 1 միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 8 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանի առաջարկով` հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ եւ ուսանողի առաջադիմություն:

2011թ. երկրորդ կիսամյակի ընթացքում Orange-ը համագործակցության հուշագրեր է ստորագրել Հայաստանի 9 համալսարանների հետ:

Հուշագրերի շրջանակներում արդեն կազմակերպվել են մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ ուսանողների համար, իրականացվել է այցեր ընկերության տարբեր բաժիններ, ստեղծվել են 4 Wi-Fi անկյուններ, որոնց շնորհիվ ուսանողներն ու դասախոսներն այսօր կարող են օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange Wi-Fi ինտերնետից: Ընդհանուր հաշվով տրամադրվել է կրթաթոշակ 62 ուսանողի, հիմնականում` մարզային համալսարաններում: