13:46 | 25.11.11 | Նորություններ | 1042

ՆՈՒՌ ծրագրի շրջանակում վիրտուալ դասընթաց են անցկացվում ԼՂՀ ուսուցիչների համար

Երեւան: Մեդիամաքս: Ստեփանակերտում եւ Շուշիում արդեն մեկնարկել է ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի վերապատրաստման վիրտուալ փուլը Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների համար:

Ներկայումս անց է կացվում Կորպորասիոն Ամերիկա ընկերության ՏՏ բաժնի կողմից մշակված Moodle կոչվող գործարկման երկրորդ մոդուլը, որում ներգրավված են 160 ուսուցիչներ:

Ամեն շաբաթ կատարվում են պրակտիկ վարժություններ, որոնցում օգտագործվում են XO համակարգիչների տարբեր կիրառումներ, ինչպես նաեւ ֆորումների տեսքով քննարկումներ, որպեսզի ուսուցիչները կարողանան խորացնել իրենց տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գիտելիքները:

Այս փուլում ՆՈՒՌ-ի առաջնային նպատակը դասավանդողների վերապատրաստումն է` համակարգչի եւ ազատ համակարգչային ծրագրերի կիրառումը դասարան բերելու մանկավարժական մեթոդի միջոցով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Մեդիամաքս-ը, ընթացիկ ուսումնական տարվանից ԼՂՀ դպրոցներում կգործարկվի նոր կրթական ծրագիրը, որն ավելի հայտնի է ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) անվանումով:

Ծրագիրը կմեկնարկի Ստեփանակերտից եւ Շուշիից` տարրական դասարանի աշակերտներին XO կարգի նոթբուքների տրամադրմամբ:

ՆՈՒՌ ծրագիրն իրականացվում է “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամի կողմից` Հայ բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ աջակցությամբ` հունվարին ԼՂՀ վարչապետի ու արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն:

Այն իրականացվում է OLPC (Համակարգիչ-յուրաքանչյուր աշակերտին) ծրագրի շրջանակներում, որը հաջողությամբ իրագործվում է աշխարհի զարգացող մի շարք երկրներում:

Ծրագրի հաջող մեկնարկի դեպքում այն շարունակություն կունենա նաեւ ԼՂՀ շրջաններում եւ պատրաստված կադրերի ներուժը կօգտագործվի այնտեղ:

Ըստ ԼՂՀ կրթության նախարարության տվյալների, սկզբնական փուլում ծրագրից օգտվող աշակերտների թիվը 3600 է: