Երեւան/Մեդիամաքս/. Google-ը ներկայացրել է սեփական երաժշտական խանութը համացանցում:
Google Music-ը կարող է Apple-ի եւ Amazon-ի հետ մրցակցել երաժշտական զվարճանքների ոլորտում առաջատար դիրքի համար, այսօր գրում է BFM.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Google Music-ում տեղադրված են ավելի քան 13 մլն երգեր, որոնք հնարավոր է ներբեռնել սմարթֆոնների համար նախատեսված Android Market առցանց խանութի միջոցով: Նոր ծառայության ուղղակի մրցակիցներ Apple-ը, Amazon-ը եւ Facebook-ը որոշակի չափով ինտեգրել են երաժշտությունն իրենց բջջային եւ ինտերնետ արտադրանքներում:
Google Music-ն աշխարհի խոշորագույն որոնողական համակարգին հնարավորություն կտա մեդիա-քոնթենթ տրամադրել համացանցին միացված ցանկացած սարքի, ինչպես նաեւ կիսվել դրանով այլ օգտվողների հետ: Սակայն վերլուծաբանները նշում են, որ նոր խանութում շատ քիչ երաժշտություն կա Warner Music ամենախոշոր ձայնագրման լեյբլից, ինչը կարող է սահմանափակել ծառայության հեղինակության աճը:
Google-ը պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի երեք հիմնական երաժշտական ընկերությունների` Universal Music Group-ի, Sony Music Entertainment-ի եւ EMI-ի հետ:
Վերլուծաբանները կարծում են, որ երաժշտության վաճառքը համացանցի միջոցով գրեթե չի անդրադառնա Google-ի եկամուտների վրա: Սակայն մասնագետները վստահ են, որ որոնողական ծառայությանն անհրաժեշտ է ներկայություն ապահովել շուկայի այս հատվածում, որպեսզի Android-ի հիման վրա աշխատող սմարթֆոններին հասանելի լինեն նույն գործառույթները, ինչ իրենց մրցակիցներին: