13:59 | 16.11.11 | Նորություններ | 3819
Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է ArmNet Awards 2011 համահայկական ինտերնետային մրցույթը եւ ArmNet 2011 միջոցառումների շարքը:
Միջոցառումների կազմակերպիչներն են SP Marketing Solutions եւ Orange Armenia ընկերությունները, ինչպես նաեւ Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն:
SP Marketing Solutions ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը այսօր տեղեկացրել է, որ ArmNet Awards հայկական ինտերնետ կայքերի մրցույթը կանցնի մեկ փուլով, որի արդյունքում կայքերը կպարգեւատրվեն 8 անվանակարգերում: Մրցույթին հայտ ներկայացնելու եւ պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել www.armnetawards.am կայքը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 3-ի մրցանակաբաշխությանը:
ArmNet 2011 մյուս միջոցառումներն են դեկտեմբերի 3-ին կայանալիք «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ» կոնֆերանսը եւ դեկտեմբերի 3-5-ը կայանալիք Startup Weekend Yerevan նորարար նախագծերի մրցույթը:
Կոնֆերանսին ելույթներով հանդես կգան Begun ընկերության կոմերցիոն տնօրեն Դմիտրի Դանիլենկոն, Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաեւը, Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, Opera Software-ի ԱՊՀ երկրներում հանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսաեւը:
«ArmNet2011-ն ունի խիստ ներկայացուցչական կազմով ժյուրի եւ շատ հետաքրքիր բանախոսներ, որոնց ներկայությունը Երեւանում կձեւավորի բացառիկ միջավայր: Որպես Հայաստանում շարժական ինտերնետի ոլորտում առաջատար, մենք մեզ պատասխանատու ենք զգում Հայաստանում ինտերնետ-միջավայրը կատարելագործմանն աջակցելու հարցում: Ուրախ ենք արդեն երկրորդ տարին շարունակ լինել այս մեծ տոնը նախաձեռնողներից», -ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: