09:49 | 24.10.11 | Նորություններ | 2259

Սթիվ Ջոբսը «երդվել էր ոչնչացնել» Android-ը, գրում է իր կենսագիրը

Երեւան/Մեդիամաքս/.  Apple-ի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսն ասում էր, որ ուզում է «ոչնչացնել» Google օպերացիոն համակարգը եւ այդ նպատակի համար պատրաստ է սպառել իր ընկերության ողջ միջոցներն ու մնացած ուժերը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին գրում է Ջոբսի պաշտոնական կենսագիր Ուոլթեր Այզեքսոնը:

Այսօր ԱՄՆ-ում  կմեկնարկի Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գրքի վաճառքը:

Կենսագրության մեջբերումներից մեկի համաձայն, Ջոբսը հայտարարել էր. «Ես կոչնչացնեմ Android-ը, քանի որ դա գողացված ապրանք է: Ես  միջուկային պատերազմ կհայտարարեմ նրանց»:

«Ես կսպառեմ ունեցած ողջ ուժերս եւ Apple-ի 40 միլիարդները` այս անարդարությունը շտկելու համար», - ասվում է մեկ այլ մեջբերման մեջ:

Նախքան Android-ի հայտնվելը` Apple-ն ու Google-ը գործընկերներ էին: Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը (այժմ Google-ի տնօրենների խորհրդի նախագահը) այն ժամանակ ընդգրկված էր Apple-ի տնօրենների խորհրդում:

Ընկերությունների միջեւ հարաբերությունները փոխվեցին 2007-ի նոյեմբերին, երբ Google-ը ներկայացրեց Android-ը: Հետագա տարիներին Apple-ը հրաժարվեց Google-ի կողմից մշակված մի շարք հավելումներից` փոխարինելով դրանք իր սեփական ծրագրերով:

Մինչ այդ, Google-ի օպերացիոն համակարգը շարունակում էր ճանաչում ձեռք բերել:  Այժմ Android-ի բաժին է ընկնում սմարթֆոնների համաշխարհային շուկայի 48%-ը, իսկ Apple-ի iOS-ին` 19%-ը: