12:11 | 10.10.11 | Նորություններ | 4104
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կարծիք է հայտնել, որ առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն աճի տեմպով կգերազանցի հանքահումքայինին:
Այս մասին վարչապետն ասել է “ԱրմԹեք Կոնգրես 2011” բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի ընթացքում, որն այսօր բացվել է Երեւանում “Սովորել անցյալից, բացահայտել ապագան” խորագրի ներքո:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ “ԱրմԹեք” համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը` միեւնույն ժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների հետագա աճը:
“Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր հարաբերական առավելությունը մեր տաղանդաշատ մասնագետներն են: Այդ իսկ պատճառով սկսել ենք մասնագիտանալ բարդ ծրագրային պրոդուկտների ուղղությամբ”,- ասել է նա:
Նրա խոսքերով, այս ոլորտում վերջին երեք տարիների ընթացքում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ:
“Այժմ մենք ունենք մոտ 300 ձեռնարկություններ, որոնցում աշխատում են 5500 մասնագետներ, եթե հաշվենք նաեւ հեռահաղորդակցության ոլորտը, ապա մասնագետների թիվը կկազմի մոտ 10 000: Իսկ մասնագետների տարեկան պահանջարկը կազմում է 1 000 հոգի: Այսինքն` աճի ներուժը տարեկան կազմում է 20%: Ոլորտի արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է մոտ $200 մլն, այսինքն` այս բնագավառը մրցակցում է հանքահումքայինի հետ”,- ասել է վարչապետը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ ասել է, որ համաժողովի ընթացքում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման ապագա եւ ներկա հաջողությունները կքննարկեն նաեւ համաշխարհային ճանաչողություն ունեցող ընկերությունները:
“Վերջին երեք օրերի ընթացքում մենք հիանում էինք Հայաստանի տեխնոլոգիական հաջողություններով ԴիջիԹեք ցուցահանդեսին: Իսկ այս համաժողովը հնարավորություն է տալիս քննարկելու ինչպես կարելի է ոչ միայն կրկնապատկել, այլ նաեւ բազմապատկել Հայաստանի տեխնոլոգիական բնույթի հաջողությունները”,-ասել է նա:
“ԱրմԹեք Կոնգրես 2011”-ը կազմակերպվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Սինոփսիս Արմենիա, Յունիքոմփ ընկերությունների, Վիասֆեր Տեխնոպարկի, Հայկական զարգացման գործակալության եւ ԻՏՁՄ-ի աջակցությամբ:
Համաժողովի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: