11:43 | 23.09.11 | Նորություններ | 4877

Երեւանում կանցկացվի ESWC կիբեռսպորտի միջազգային առաջնության ընտրական փուլը

Երեւան/Մեդիամաքս/. Edge Gaming ընկերությունը «ԱրմենՏել» ՓԲԸ աջակցությամբ հայտարարում է ESWC (Electronic Sports World Cup) կիբեռսպորտի միջազգային առաջնության ընտրական փուլի անցկացման մասին:

Մրցումները կանցկացվեն FIFA 11, PES 2011, Call of Duty: ModernWarFare2, Counter-Strike 1.6 խաղային մարզաձեւերում:

Առաջնությունը կանցկացվի 2 փուլով` սեպտեմբերի 24-25 Nexus համակարգչային ակումբում Pro evolution soccer 2011 եւ FIFA 11 ձեւերով եւ հոկտեմբերի 1-2 Congress հյուրանոցում` Counter-Strike եւ Call of Duty ձեւերով:

FIFA 11 խաղային մարզաձեւում լավագույն 2 խաղացողները կարժանանան գլխավոր մրցանակի` Ֆրանսիայում կայանալիք ESWC քառորդ եզրափակիչի ուղեգրերի:

Հայաստանում ESWC առաջնությանը մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն  www.edge.am կայքում:
 
«Մեր ընկերության համար կիբեռխաղերի առաջնություններին սատարելը` եւս մի հնարավորություն է աջակցելու հայ երիտասարդների բազմակողմանի զարգացմանը: Համակարգչային նոր տեխնոլոգիաների զարգացմամբ ի հայտ է գալիս շփվելու նոր մշակույթ, երիտասարդները հետաքրքրվում են տեխնիկական առաջընթացի արդիական միտումներով, եւ համակարգչային սպորտը` բացառություն չէ: Վստահ եմ, որ ինտերնետի տարածմանը զուգահեռ Հայաստանում կբարձրանա նաեւ կիբեռխաղերի հանդեպ հետաքրքրությունը, իսկ մեր երիտասարդները կզբաղեցնեն պատվավոր տեղեր համաշխարհային առաջնությունների հաղթողների շարքում», - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
«Հայ մարզիկների համար ESWC առաջնությանը մասնակցելը ոչ միայն հաճելի ժամանց է, այլեւ կիբեռսպորտի աշխարհում իրենց մասին հայտարարելու լավ հնարավորություն: Մենք ուրախ ենք համագործակցել ԱրմենՏել ընկերության հետ, որն այս տարի աջակցում է Հայաստանում համակարգչային խաղերի երկրորդ խոշոր առաջնությանը», - ասել է Edge Gaming ընկերության տնօրեն Էդգար Սահակյանը:

The Electronic Sports World Cup – համակարգչային խաղերի համաշխարհային հեղինակավոր առաջնություն է: Իր նշանակությամբ ESWC գավաթը զիջում է միայն WCG գավաթին: Մրցումներն անցկացվում են 2003 թվականից: 2011-ի հնգօրյա առաջնությունը կանցկացվի Փարիզի Դիսնեյլենդում: