Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է արտաքին կապուղիների ընդլայնման մասին` Level 3 Communications, Inc. առաջին մակարդակի մատակարար պրովայդերի մայրուղային ցանցին միանալու միջոցով:
Արտաքին մայրուղին անցնում է հյուսիսային ուղղությամբ` Վրաստանի տարածքով: 10 Գբ/վ թողունակությամբ նոր կապուղին միանում է Level 3 Communications օպերատորի ցանցին Ֆրանկֆուրտում:
«Մայրցամաքներ միացնող սեփական ցանց ունեցող օպերատորի հետ ուղիղ կապի հաստատումը` «ԱրմենՏել» ընկերության եւս մեկ նվաճում է: Նոր միացումը Հայաստանի միասնական օպերատորին թույլ կտա բարձրացնել արտասահմանյան ինտերնետ-ռեսուրսների հասանելիության արագությունն ու հուսալիությունը, ավելացնել ենթակառուցվածքների հզորությունն ու անկախության աստիճանը, ինչպես նաեւ հիմք կծառայի կապի ոլորտում նոր առաջարկների համար», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2010թ. ԱրմենՏել-ը դարձավ Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող առաջին օպերատոր, որը միացել է Եվրոպական մայրուղային ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System»-ի մալուխային համակարգի միջոցով: Ընկերության մայրուղային կապուղիներն անցնում են Վրաստանի եւ Իրանի տարածքով:
Level 3 Communications-ը` առաջին մակարդակի (Tier 1) միջազգային խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից է: Ընկերությունը շահագործում է տվյալների փոխանցման մայրուղային կապուղիների աշխարհում ամենամեծ ցանցերից մեկը, որի երկարությունը գերազանցում է 85 հազար կմ: Ընկերության ցանցն ընդգրկում է ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի մեծ մասը: Օպերատորին է պատկանում նաեւ Ատլանտիկ օվկիանոսով անցնող տվյալների փոխանցման 100 Գբ/վ թողունակությամբ մայրուղիները: