13:54 | 06.09.11 | Նորություններ | 3209

ԱրմենՏելը աջակցում է դասական երաժշտության զարգացմանը Հայաստանի մարզերում

Երեւան/Մեդիամաքս/.«ԱրմենՏել» ընկերությունը եւ «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը» այսօր հայտարարել են երկարաժամկետ համագործակցության ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համագործակցության շրջանակներում Հայաստանի մարզերում կբացվեն թավջութակի դասարաններ, կանցկացվեն Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգներ եւ վարպետության դասեր, առավել տաղանդավոր աշակերտներին կտրամադրվեն կրթաթոշակներ:

««ԱրմենՏել» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն ազգային օպերատոր, գիտակցում է իր դերը շնորհալի երիտասարդների դաստիրակման գործում, ովքեր արժանապատվորեն կշարունակեն հայկական դասական երաժշտության փառավոր ավանդույթները»,- ասել է “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի” հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանն էլ իր հերթին նշել է, որ «նման գործընկերոջ առկայությունը թույլ է տալիս Հայաստանում սահմանել դասական երաժշտության ու բիզնեսի փոխգործակցության բարձր մակարդակ»: