12:17 | 06.09.11 | Նորություններ | 4155

Յուքոմ-ի եւ Նետսիս-ի միավորման հիմնական նպատակը հոսթինգ ծառայությունների առաջխաղացումն է

Երեւան/Մեդիամաքս/. Ինտերնետ-պրովայդերներ Յուքոմ եւ Նետսիս ընկերությունների միավորման հիմնական նպատակը հոսթինգային ծառայությունների առաջխաղացումն է, այսօր ասել է Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Նետսիս ընկերության տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Հայկ Եսայանն ասել է, որ Նետսիսն ունի որակյալ հոսթինգ-ծառայությունների մատուցման 11-ամյա փորձ եւ վայելում է բազմաթիվ կորպորատիվ բաժանորդների վստահությունը, մինչդեռ Յուքոմը ստեղծել է հզոր սերվերային հզորություններ եւ մտադիր է զարգացնել հոսթինգ ծառայությունների ուղղությունը:

«Յուքոմը նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի հայկական վեբկայքերի սեփականատերերը շահագրգռված լինեն տեղակայել դրանք Հայաստանում», - ասել է Հայկ Եսայանը:

Ըստ Գեւորգ Գեւորգյանի, գործարքը նպաստավոր է նաեւ Նետսիս ընկերության համար,  քանի որ մինչ այժմ ընկերությունն իր ծառայությունների մատուցման ընթացքում լուծում էր «վերջին մղոնի» հարցը Արմենտել-ի DSL ցանցի միջոցով, «ինչն արդեն չի համապատասխանում հաճախորդների պահանջներին»:

Ըստ բանախոսների, ընկերությունները կմիավորվեն Յուքոմ-ի բրենդի ներքո: Հայկ Եսայանի խոսքերով, միաձուլման գործարքը եւ ընկերությունների տեխնիկական հզորությունների ինտեգրման գործընթացը կտեւեն շուրջ 6 ամիս, իսկ մինչ այդ Նետսիս-ը կշարունակի գործել, որպես առանձին ընկերություն: