09:48 | 31.08.11 | Նորություններ | 1955

PayPal-ը Ռուսաստանում եւ Ուկրաինայում ամբողջական ծավալով չի աշխատելու

Երեւան/Մեդիամաքս/. PayPal էլեկտրոնային վճարումների համակարգը չի պատրաստվում ամբողջական ծավալով աշխատել Ռուսաստանում եւ Ուկրաինայում, ասվում է ընկերության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունում, որով հերքվում են ամսվա սկզբին տարածված լուրերը:

Ինչպես հաղորդում է BBC-վ, լուրերը տարածվել են այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ վճարային համակարգի կայքում տեղադրվել են սեպտեմբերի 24-ից ուժի մեջ մտնող սակագները: Այդ փաստաթղթում Ռուսաստանը եւ Ուկրաինան այն երկրների ցանկում էին, որտեղ վճարումները հասանելի կլինեն:

Օգոստոսի 30-ին ընկերության մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ «Ռուսաստանը եւ Ուկրաինան շուկաները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, եւ PayPal-ը դրանք մանրակրկիտ ուսումնասիրում է, սակայն չի նախատեսում լրացուցիչ սերվերներ թողարկել այս պետությունների համար, իսկ ի հասանելի երկրների ցանկում ընդգրկվելը սխալի արդյունք է:

Ներկայումս Ռուսաստանի օգտվողները կարող են գրանցվել PayPal համակարգում եւ դրա միջոցող վճարումներ իրականացնել, սակայն չեն կարող ստեղծել իրենց անձնական հաշիվը:

Ինչպես ասում են փորձագետները, չնայած ռուսաստանյան շուկան գրավիչ է այնպիսի միջազգային ընկերությունների համար, ինչպիսիք են PayPal-ը եւ eBay-ը, սակայն այն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք լրջորեն բարդացնում են դրանց աշխատանքը Ռուսաստանում: Այսպես` նոր օրենքի համաձայն, Ռուսաստանի մաքսային ծառայությունը կարող է ուշացնել արտերկրից եկած ծանրոցները: Բացի այդ, Ռուսաստանում PayPal-ի աշխատանքը բարդացնում է ազգային վճարային համակարգի մասին օրենքը: