14:45 | 25.07.11 | Նորություններ | 4222

ԵՊՀ-ում կբացվի բարձր տեխնոլոգիաների հայ-հնդկական ուսումնական կենտրոնը

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր  դեսպան Աչալ Մալհոտրան այսօր ստորագրել են հուշագիր` ԵՊՀ-ում հնդկագիտության կենտրոն բացելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արամ Սիմոնյանն ասել է, որ կենտրոնում Հնդկաստանից ժամանած պրոֆեսորը դասախոսություններ կկարդա արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների համար, իսկ հնդկերենի դասընթացները նախատեսված կլինեն բոլոր հետաքրքրվածների համար:

ԵՊՀ ղեկավարն ասել է, որ աշնանը կբացվի նաեւ բարձր տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը, որտեղ հնդկական կողմի ֆինանսավորմամբ կտեղադրվեն մոտ $ 1 մլն արժողություն ունեցող սարքավորումներ:

Ս.թ. մարտին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասել էր, որ հնդկական սուպերհամակարգիչը, որը պետք է Երեւանում գործարկվեր 2010 թվականին, դեռեւս չի ժամանել Հայաստան:

Նախատեսված է, որ ԵՊՀ տարածքում գործող կենտրոնում տեղադրվելու է Param սուպերհամակարգիչը` ՏՀՏ (համակարգիչների, համակարգչային տեխնիկայի եւ ծրագրային ապահովման հնարավորությունների մեծացման ուղղությամբ` High Performance Computing), կենսաինֆորմատիկայի եւ քիմիայի ոլորտներում հետազոտությունների անցկացման նպատակով: