16:15 | 17.06.11 | Նորություններ | 3227

Վաղը կամփոփվի համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը

Վաղը` հունիսի 18-ին, տեղի կունենա համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության եզրափակիչ փուլը ու հայտնի կդառնան 7 անվանակարգերում հաղթողները:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին առաջնության գլխավոր հովանավոր Օրանժ Արմենիա-ում, հունիսի 18-ին ժամը 11-ից 17-ը, Orange-ի գլխավոր խանութի սրահում կանցնի առաջնության մասնակիցների նախագծած խաղերի ցուցահանդեսը, իսկ ժամը 18-ին նույն վայրում տեղի կունենա մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը եւ կհրապարակվեն հաղթողների անունները:

Առաջնությունը մեկնարկել էր ապրիլին: Առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի 1.3 մլն դրամ, որից 300 հազ. դրամը կտրվի լավագույնը ճանաչված խաղի հեղինակներին, իսկ մնացածը կբաշխվի հետեւյալ 6 անվանակարգերում հաղթողների միջեւ. լավագույն սցենար, կերպար, դիզայն, անիմացիա, նորարարություն եւ լավագույն խաղ բջջային հեռախոսների եւ այլ շարժական սարքերի համար: