“ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է “Ռուս գրականություն եւ մշակույթ” էլեկտրոնային ինտերակտիվ ինքնուսույցի հրատարակման ծրագրին աջակցելու մասին:
Ինչպես Մեդիամաքսին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունում, ծրագրի շրջանակներում էլեկտրոնային ինքնուսույցն անվճար կտրամադրվի Երեւանի եւ ՀՀ մարզերի դպրոցներին, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ինտերակտիվ ձեռնարկը բաղկացած է երկու մասից. առաջինը ներառում է նյութեր ռուս գրականությունից` սկսած 19-րդ դարից մինչ այսօր, իսկ երկրորդը` մշակութայինը ներառում է Ռուսաստանի մշակութային զարգացման պատմությունը` հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը:
“Հայալեզու դպրոցներում կրթությանն մակարդակի բարձրացման աջակցումը “Beeline հանուն պածառ ապագայի” մեր կորպորատիվ սոցիալական քաղաքականության կարեւորագույն մասն է : Հայալեզու գրականության հետ մեկտեղ կարեւոր են նաեւ օտար լեզուների եւ արտասահմանյան մշակույթի մասին գիտելիքները, որոնց ստանալու համար օգտակար են այսպիսի ժամանակակից ինտերակտիվ ինքնուսույցներ: Այդ իսկ պատճառով մենք վստահ ենք, որ շնորհիվ նման դասագրքերի աշակերտները եւ ուսանողները, հիմնական առարկաների հետ մեկտեղ հնարավորություն կունենան ուսումնասիրել լրացուցիչ նյութեր”,- նշել է “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2010թ-ի սկզբին որոշ քաղաքային եւ գյուղական կրթական հաստատություններ ստացան ռուսաց լեզվի ինտերակտիվ ինքնուսույցներ: Երկու ծրագրերն էլ իրականացվում է “Ռուսական մշակույթի օջախ” հասարակական կազմակերպության կողմից` “ԱրմենՏել” ընկերության աջակցությամբ: