Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը պատանի երաժիշտ-կատարողների առաջին միջազգային փառատոնի գլխավոր հովանավորն է:
Հայաստանի “Նոր անուններ” ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մինչեւ 18 տարեկան երաժիշտ-կատարողներ, այդ թվում` միջազգային եւ հանրապետական մրցույթ-փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, աշխարհի տարբեր բեմահարթակներում հանդես եկած կատարողներ:
Փառատոնն անցնելու է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբերի աջակցությամբ:
“Գեղեցիկ ապրելու համար հարկավոր է գեղեցիկ մտածել. առաջնորդվել բանականության լույսով և արվեստի ուժով: Կարծում եմ` սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ երաժշտությունը միջնորդ է դառնում հոգու եւ զգացմունքների միջեւ: Արվեստի այս ճյուղն օգնում է բացահայտել կատարելությունն ու զգալ երեւակայության անսահմանությունը”,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: