13:58 | 11.05.11 | Նորություններ | 3044

Օպերատորներն իրենց բաժանորդների պարտքերի մասին կկարողանան տեղեկացնել վարկային բյուրոյին

Երեւան: Մեդիամաքս: Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց “Էլեկտրոնային հաղորդակցության մասին” եւ “Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին” օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն ասել է, որ փոփոխությունների նպատակն է վերացնել հեռահաղորդակցման ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորների կողմից վարկային բյուրոներին վարկային տեղեկատվության տրամադրման օրենսդրական խոչընդոտները:

Նրա խոսքերով, փոփոխության արդյունքում հեռահաղորդակցման ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորներն իրավունք կունենան իրենց հաճախորդների պարտքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել վարկային բյուրոներին:

Սուրեն Կարայանը ասել է, որ նշված նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոների կողմից ամբողջական վարկային զեկույց պատրաստելու նպատակով օրենսդրական խնդիրների վերացման, ինչպես նաեւ վարկատու կազմակերպությունների մոտ վարկային պատմություն չունեցող անձանց համար վարկային տեղեկատվության ձեւավորման եւ զարգացման անհրաժեշտությամբ: