Տիգրան Դավթյանն ու Բրունո Դյութուան (Photolure)
13:03 | 04.05.11 | Նորություններ | 4028
Երեւան: Մեդիամաքս: “Օրանժ Արմենիա”-ն միացել է “Համակարգիչ բոլորի համար” պետական ծրագրին, որի շրջանակներում ընկերության խանութներում կկազմակերպվի համակարգիչների անտոկոս ապառիկ վաճառք` մինչեւ 2 տարի մարման ժամկետով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում համագործակցության հուշագիր ստորագրեցին “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ “Օրանժ Արմենիա”-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ինչպես նշեց “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, “Համակարգիչ բոլորի համար” ծրագրի շրջանակներում արդեն վաճառվել է 17 հազարից ավել համակարգիչ, ինչը վկայում է ծրագրի արդարացված լինելու մասին:
Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց նաեւ, որ ծրագիրը լրջորեն խթանել է Հայաստան ներմուծվող համակարգչային տեխնիկայի ծավալները: “Որպես օրինակ նշեմ, որ 2010-ին Հայաստան է ներկրվել շուրջ 34 000 նոութբուկ եւ նետբուկ` 2009թ. 6000-ի դիմաց”, - ասաց Բագրատ Ենգիբարյանը:
Բրունո Դյութուան տեղեկացրեց, որ համակարգիչների վաճառքը կիրականացվի ընկերության բոլոր, այլ թվում, մարզային սպասարկման կենտրոններում, նշելով, որ “Համակարգիչ բոլորի համար” ծրագիրը համահունչ է ընկերության` Հայաստանի բոլոր բնակավայրերում ինտերնետ-հասանելիության ապահովման քաղաքականության հետ: