Երեւան: Մեդիամաքս: 2011թ. մայիսի 1-ից Արցախում գործարկվել են ինտերնետ-հասանելիության ծառայության անսահմանափակ ամսական տրաֆիկով փաթեթներ, որոնց սակագները նախկինների հետ համեմատ էժան են ավելի քան 10 անգամ:
Այդ մասին Մեդիմաքսին հայտնեցին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ), նշելով, որ նման կտրուկ փոփոխություները հնարավոր դարձան ՀՀ եւ ԼՂՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների համագործակցության եւ անհրաժեշտ տեխնիկական լուծումների արդյունքում:
Հանձնաժողովում նշեցին, որ 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում 1 Մբիթ/վ արագության միջազգային IP տարանցման հոսքի միջին գինը կազմում էր 268 252 դրամ, որը ներկայումս իջել է մոտ 5 անգամ` ԼՂՀ տարածք մուտք գործող նոր միջազգային IP տարանցման կապուղիների շնորհիվ:
ՀԾԿՀ-ում տեղեկացին նաեւ ԼՂՀ-ում հեռահաղորդակցության այլ տեսակի ծառայությունների մատչելիության բարձրացման մասին (30%-ից մինչեւ 47% նվազել են ամրակցված հեռախոսակապի սակագները, շարժական հեռախոսակապինը՝ 30%-ից մինչեւ 51%, ինտերնետ հասանելիության (մեգաբայթային փաթեթներ)`մինչեւ 54%):
ԼՂՀ հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաեւ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման նպատակով ցուցաբերած օժանդակության համար ՀՀ ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը պարգեւատրվել է ԼՂՀ վարչապետի մեդալով, իսկ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը՝ ԼՂՀ կառավարության պատվոգրով: