18:12 | 20.04.11 | Նորություններ | 2842

Orange-ը իջեցնում է ցանցից դուրս զանգերի սակագինը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը հայտարարեց “Խոսենք” կանխավճարային ծառայության սակագնային պլաններում մի շարք փոփոխությունների մասին:

“Խոսենք” ծառայության բաժանորդներն այսուհետ Հայաստանի եւ Արցախի այլ օպերատորների բաժանորդներին կզանգահարեն ավելի ցածր սակագներով: «Իմ ընկերները», «Իմ ժամանակը»,  եւ «Իմ համարները» եւ «Իմ երկիրը» սակագնային պլաններում այսուհետ ցանցից դուրս զանգերի եւ տեսազանգերի` ներառյալ Արցախի համարներին կատարված զանգերի մեկ րոպեի արժեքը նախկին 40 դրամի փոխարեն կկազմի 35 դրամ:

«Ստարտ» սակագնային պլանը վերանվանվել է «Իմ երկիրը», եւ վերջինիս բաժանորդները, ինչպես նախկինում, Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից դուրս գտնվելիս կարող են Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով:

Փոփոխություններ են կատարվել նաեւ «Իմ համարները» սակագնային պլանում: Այսուհետ այս սակագնային պլանի բաժանորդները կարող են ընտրել 5 սիրելի հեռախոսահամար. 4-ը կարող են լինել Orange հեռախոսահամարներ, որոնց կարելի է զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով, իսկ մեկը կարող է լինել Հայաստանի կամ Արցախի ցանկացած այլ օպերատորի շարժական կամ ֆիքսված ցանցի հեռախոսահամար, որին կատարված զանգերը կարժենան 25 դրամ/րոպե: 

«Մեր սակագնային պլանների նպատակն է ունենալ անհատականացված առաջարկներ եւ այս բոլոր փոփոխությունները մեկ նպատակ ունեն. ավելի հարմարեցնել մեր սակագնային պլաններն առանձին բաժանորդների պահանջներին», - ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: