15:10 | 19.04.11 | Նորություններ | 3398
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը ներկայացրեց նոր սակագնային պլան «Խոսենք» կանխավճարային ձայնային ծառայությունների բաժանորդների համար:
Այն անկախ գտնվելու վայրից առաջարկում է միասնական սակագին Հայաստանի եւ Արցախի շարժական եւ ֆիքսված բոլոր ցանցերի օպերատորների բոլոր բաժանորդների հետ խոսելու համար:
Նոր սակագնային պլանը, որը կրում է «Պարզ» անունը, առաջարկում է նաեւ միեւնույն 20 դրամ սակագինը կարճ հաղորդագրությունների, MMS-ների եւ շարժական ինտերնետի համար:
«Սա բեկումնային առաջարկ է Հայաստանում շարժական հեռախոսակապի ոլորտում եւ նոր փիլիսոփայության, նոր մոտեցման ու նոր փուլի սկիզբն է: Բազմաթիվ ժամանակավոր առաջարկներ ներկայացնելուց հետո, որոնք ի դեպ մեծ արձագանք գտան եւ որոնցից հազարավոր բաժանորդներ օգտվեցին, մենք այսօր մտածում ենք արմատական փոփոխության մասին: Այս սակագնային պլանն այն է, ինչ մինչ օրս պակասել է Հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում. պարզություն եւ ոչ մի ավելորդ միտք, թե քանի դրամով եք զանգում որ ընկերոջը կամ որ ծանոթին», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնայած սակագների մատչելիությանն ու սակագնային պլանների հասկանալի կառուցվածքին` մեր բաժանորդների մի որոշ հատված պարզապես չի սիրում ու չի ցանկանում ստիպված լինել մտապահել, թե որ բաժանորդի հետ ինչ սակագնով է խոսում, ինչ արժե մեկ մեգաբայթ շարժական ինտերնետը կամ ինչ արժե մեկ MMS-ը: Այս սակագնային պլանը նրանց համար է: Սրանք իհարկե նախեւառաջ այն բաժանորդներն են, ովքեր աշխատանքի բերումով զանգեր են կատարում բազմաթիվ ուղղություններով: Միայն մեկ թիվ` 20 դրամ` նույն սակագինը Հայաստանում եւ Արցախում բոլորի հետ խոսելու համար», - ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Orange-ի նոր բաժանորդները կարող են անվճար ընտրել «Պարզ» սակագնային պլանը առաջին զանգը կատարելիս, իսկ նրանք, ովքեր արդեն «Խոսենք» կանխավճարային ծառայության բաժանորդն են, կարող են իրենց ներկայիս սակագնային պլանից անվճար անցում կատարել «Պարզ» սակագնային պլանին` միանվագ հաշիվը լիցքավորելով 1500 դրամով: