12:39 | 24.03.11 | Նորություններ | 4552

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ «Սինոփսիս Արմենիան» կանցկացնեն միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը հայտարարել են Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային օլիմպիադայի անցկացման մասին:

«Միջոցառումն իր աննախադեպ մեծ պոտենցիալով հավակնում է դառնալ հիրավի միջազգային. անցյալ տարի ուսանողներ մասնակցեցին աշխարհի հինգ երկրներից, իսկ այս տարի նախատեսում ենք կրկնապատկել այդ թիվը»,-ասել է Ռիչ Գոլդմանն ու հավելել, որ մասնակցության ցանկություն են հայտնել Հնդկաստանի, Հորդանանի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների ներկայացուցիչներ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է.

«Կրթությունը կանխորոշում է երկրի ապագան: Կարեւոր է խրախուսել մրցակցությունը ՏՏ ոլորտի ուսանողների միջեւ, քանի որ դա անհրաժեշտ պայման է ստեղծագործելու համար»:

Օլիմպիադային կարող են մասնակցել մինչեւ 30 տարեկան ավագ դպրոցների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտի ընկերությունների մասնագետներ:

Այս տարի օլիմպիադան կանցկացվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Հաղթողը կստանա նոութբուք, երկրորդ մրցանակակիրը` 300 հազար դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցնողը` 150 հազար դրամ: