10:45 | 17.03.11 | Նորություններ | 1391
Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի 912 եւ Արցախի 13 դպրոցներում կանցկացվի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը` 36 600 աշակերտների մասնակցությամբ: Մրցույթը մեկնարկելու է ժամը 12:00-14:00 ժամանակահատվածում:
«Այբ» կրթական հիմնադրամի եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա են լինելու հետեւյալ դպրոցներում.
- Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց;
- Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոց;
- Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց;
- Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց;
- Գյումրու թիվ 2 միջն. դպրոց;
- «Քվանտ» վարժարան:
Բոլոր մասնակից դպրոցների ցանկը հասանելի է www.kangaroo.am կայքէջում:
«Կենգուրուն» տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: «Կենգուրուին» մասնակցում են 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ եւ մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:
Ինչպես եւ անցյալ տարի, այս տարի եւս խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն եւ ռուսերեն:
Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո: Ինֆորմացիոն հովանավորներ են Մեդիամաքսը եւ «Կրթություն» շաբաթաթերթը: